Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սասնա ծռեր
A A
Քաղաքականություն

«Սասնա ծռեր»-ը Վճռաբեկ դատարան են դիմել

  «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով  վճռաբեկ բողոք է ներկայացվել։ Պաշտպանական կողմը պահանջում է արդարացման դատական ակտ կայացնել կամ քրեական գործն ուղարկել նոր քննության։  

  Առաջին ատյանի դատարանի կողմից սպանության գործով արդարացված, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից 25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանի պաշտպանը Վճռաբեկ դատարանին միջնորդել է բոլոր դրվագներով արդարացման դատական ակտ կայացնել։

   «Առաջին ատյանի դատարանի որոշումը ավելին քան հիմնավոր է եղել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը ակնհայտ անհիմն է։ ՀՀ-ում ապստամբության իրավունքը պետք  է ճանաչվի, նաեւ հակասահմանադրականության խնդիր եմ բարձրացրել Վճռաբեկ դատարանի առջեւ»,-«Ա1+»-ին ասաց փաստաբան Աննա Ծառուկյանը։

   Փաստաբանը  առաջիկայում միջնորդելու է փոխել նաեւ Արմեն Բիլյանի խափանման միջոցը, ինչը կստիպի Վճռաբեկ դատարանին նիստ հրավիրել։ «Այսպիսի կարգով դեռ որեւէ մեկը չի դիմել, փորձենք»,- ասաց Աննա Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ   «Սասնա ծռեր»-ի անդամները՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եզիազարյանը, Արեգ Կյուրեղյանը,  Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը մեղավոր են ճանաչվել  մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար։

 Պավել Մանուկյանը եւ Սեդրակ Նազարյանը դատապարտվեցին 10, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը եւ Արմեն Բիլյանը դատապարտվեցին 9 տարի 6 ամսվա, Արեգ Կյուրեղյանը 9  տարի 6 ամսվա, իսկ Էդվարդ Գրիգորյանը՝ 8  տարի  6 ամսվա ազատազրկման։

   Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է  մահվան հիմքով։  

  Իսկ Սմբատ Բարսեղյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով երկու ոստիկանի սպանության համար։

  Ի դեպ, «Սասնա ծռեր»-ը կարող էին օգտվել նաեւ համաներման իրավունքից,  սակայն  դա եւս չտարածվեց նրանց վրա։ Որոշվել էր՝  Երեւանի 2800-ամյակին եւ Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ 2018թ․ հայտարարված համաներմանը  «Սասնա Ծռերի» գործով պետք էր հաշվի առնել տուժողների կարծիքը։ Անկախ Հայաստանի  պատմության մեջ  մինչ այդ կիրառված  10 համաներումների ժամանակ  տուժողների կարծիքը երեբեւէ  հաշվի չէր առնվել։    Վճռաբեկ բողոքում անդրադարձ է եղել նաեւ այդ փաստին։

  Պաշտպանական կողմը բողոքում միջնորդել է դիմել նաեւ Սահմանադրական դատարան՝ՀՀ Սահմանադրության 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը պարզելու նպատակով եւ կասեցնել քրեական գործի վարույթը։

«Ակնհայտ է, որ այս խտրականությունը կատարվել է վերը նշված կոնկրետ շրջանակին պատկանող անձանց (նաև բողոքաբերներիս) նկատմամբ»,- նշված է բողոքում։