Կարճատեւ հավաք
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը Երեւանի Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի կարճատեւ ուսումնամարզական հավաք: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի կենտրոնը: Այս հավաքով մեր թիմը կսկսի նախապատրաստվել 2012 թ Եվրոպայի առաջնության որակավորման 1-ին փուլին:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը ընդգրկված է ընտրական B խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Իսլանդիայի, Հունաստանի, Լատվիայի ազգային թիմերը: Ընտրական մրցաշարը տեղի կունենա 2011 թվականի հունվարի 20-24-ը: Որակավորման 2-րդ փուլ կմտնեն միայն խմբերի հաղթողները: Եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Խորվաթիայում, 2012 թվականի փետրվարին:
Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ուսումնամարզական հավաքին հրավիրել է 15 ֆուտբոլիստ.
Խորեն Զարգարյան, Սարո Մարդանյան, Հակոբ Ուզունյան, Ավետիս Տոնելյան, Հարություն Հարությունյան, Արմեն Գյուլամբարյան, Հենրիկ Գրիգորյան, Հակոբ Լոբասյան, Յուրա Զարգարյան (բոլորն էլ «Էրեբունի»), Արմեն Ֆիշյան («Միկա»), Մհեր Նազարեթյան, Վլադիմիր Մխիթարյան, Արթուր Կարապետյան, Էդգար Կիրակոսյան («Թալգրիգ»), Արման Սահակյան («Պոլիտեխնիկ»):
Ի դեպ, այս ամիս մեկնարկած ֆուտզալի Հայաստանի առաջնությունում արդեն կայացել է երեք տուր: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Երեւանի «Էրեբունին», որը այս տուրում 13:3 հաշվով ջախջախեց «Հրազդանին»: Տուրի մյուս խաղում «Գյումրին» մեծ դժվարությամբ հաղթեց «Թալգրիգին»` 7:6: