Բացել լրահոսը Փակել լրահոսը
619609874_1217519913903554_4158908692091857242_n
A A
Մշակույթ

«Սիմֆոնիկ Մանսուրյան». մաեստրոյի արվեստի ուժն ու ժառանգությունը մեկ բեմում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են եղել «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգին՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան։
Համերգային ծրագիրը մեկնարկել է ՀՀ օրհներգով՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության բանակի օրվա։ Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհավորել է ՀՀ զինված ուժերի 34-րդ տարեդարձը և մաեստրո Մանսուրյանի 87-ամյակը՝ շեշտելով, որ նա մեր ամենասիրված արվեստի գործիչներից է։
«Մեզանից յուրաքանչյուրը մաեստրոյի երաժշտության հետ ունի հոգևոր և հուզական կապ, նրա ստեղծագործությունները հարազատ են բոլորիս, քանի որ դրանց երևէջները մեզ ուղեկցել են կյանքի տարբեր իրավիճակներում, և սա Մանսուրյանի արվեստի հզոր և միավորող ուժն է։ Հազվադեպ երևույթ է, երբ հանճարեղ արվեստն ու մարդկային պարզությունը մեկտեղվում են։
Սիրելի՛ մաեստրո, այս համատեղումը Ձեր դեպքում իրողություն է, որի համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել։ Ձեր պարզ, համեստ մարդկային կեցվածքն ու ներկայությունը նաև սովորեցնում են՝ ինչպես ապրել՝ թողնելով մեծագույն ժառանգություն»,- Մանսուրյանին ուղղված շնորհավորանքի խոսքում նշել է նախարարը։
Նա նաև տեղեկացրել է՝ պետության աջակցությամբ վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը, որը հնարավորություն կտա ձևավորել տաղանդավոր երեխաների բացահայտման և դրսևորման նոր հարթակ։
«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրում հնչել են Տիգրան Մանսուրյանի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ / գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան, համերգի դիրիժոր՝ Տիրան Նիկողոսյան/։
Համերգն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ. ծրագրի գործընկեր՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ։