Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ուկրաինացի ֆուտբոլիստները հեռանում են ռուսական ակումբներից

Ռուսաստանի զինուժի ներխուժման պատճառով ուկրաինացի ֆուտբոլիստները սկսել են հեռանալ ռուսական ֆուտբոլային ակումբներից։

Ինչպես նշում է ռուսական sport24 կայքը, իր թիմը լքել է «Ուրալի» ուկրաինացի դարպասապահ Յարոսլավ Գոձյուրը, որը Ռուսաստանում հանդես է գալիս 2008 թվականից։ Նրա օրինակին է հետևել նաև 2015 թվականից թիմում հանդես եկող  ուկրաինացի պաշտպան Դենիս Կուլակովը։ Հրաժարական է տվել նաև Մոսկվայի «Դինամոյի» մարզիչ Անդրեյ Վորոնինը։

«Չորս օր է ինձ վատ եմ զգում։ Երբ նայում եմ իմ հայրենիքից ստացվող լուրերը, լուսանկարները, թվում է դրանք կադրեր են սարսափ ֆիլմերից։ Ես ուրիշ ասելիք չունեմ», - հայտարարել է ուկրաինացի մասնագետը, որն իր ընտանիքով մեկնել է Գերմանիա։

Մոսկվայի «Դինամոյի» պաշտպան Իվան Օրդեցը բաց է թողել թիմի վերջին երկու խաղերը։ Ակումբը դեռևս ոչինչ չի նշում ուկրաինացի ֆուտբոլիստի գտնվելու վայրի մասին։

Երկրի չեմպիոն «Զենիթի» կազմում վերջին խաղին բացակայել են պաշտպան Յարոսլավ Ռակիցկին ու մարզիչ Անատոլի Տիմոշչուկը։ Ուկրաինացի ֆուտբոլիստն ու մասնագետն որևէ հայտարարություն չեն արել այդ կապակցությամբ։