Ռուսաստանը կհանդիպի Իրանի հետ
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային թիմը Հայաստանի հավաքականի հետ ընտրական խաղին նախապատրաստվելու համար 2011 թվականի փետրվարի 9-ին ընկերական խաղ կանցկացնի մեր հարեւան երկրի` Իրանի ընտրանու հետ: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլի միությունը: Խաղը կայանալու է Դուբայում:
«Իրանի հավաքականը բավականին լավ մրցակից է ուժերի ստուգատես կազմակերպելու համար» - հայտարարել է ՌՖՄ-ի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն:
Նշենք, որ Ռուսաստանի եւ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաները այս տարի ամռանը համագործակցության պայմանագիր են կնքել, որի համաձայն երկու երկրների տարբեր տարիքային հավաքականները ամեն տարի պետք է ընկերական խաղեր անցկացնեն:
Մեր ազգային թիմն այդ օրը նույնպես ուժերի փորձարկում կանցկացնի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը իր վերջին մամուլի ասուլիսին տեղեկացրեց, որ 2011 թվականի փետրվարի 9-ին մեր ընտրանին կհանդիպի Հայաստանի առաջնությունում հանդես եկող լեգեոնականներից ձեւավորված թիմի հետ: «Մենք մինչեւ Ռուսաստանի հետ հանդիպմանը նախատեսել ենք անցկացնել 2-3 ստուգողական հանդիպում»:
Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակում նախատեսված Հայաստան - Ռուսաստան հանդիպումը տեղի կունենան եկող տարվա մարտի 26-ին, Երեւանում: