Հիացած եմ եղել նրա ձայնով, բայց առաջին հերթին գնահատում եմ որպես քաղաքացի․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Կիևյան 10 հասցեում բացվեց մեծանուն երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի հուշաքարը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին մշակութային, պետական և հասարակական գործիչներ, երգչուհու արվեստի երկրպագուներն ու հարազատները:
Արաքս Դավթյանի լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի հեղինակավոր բեմերում, իսկ որպես հիանալի մանկավարժ Արաքս Դավթյանը հպարտացել է իր սաների հեղինակավոր միջազգային մրցույթներում հաղթանակներով։
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ Արաքս Դավթյանի մեջ գնահատել է նրա իսկական մտավորական լինելը։ Նրա խոսքով, Արաքսի նմանները քիչ են, որ և տաղանդ ունեն, բայց միաժամանակ ունեն նաև քաղաքացիական դիրքորոշում։
«Հիացած եմ եղել նրա ձայնով, բայց առաջին հերթին գնահատում եմ որպես քաղաքացի» - իր խոսքը եզրափակեց պարոն Խաչատուրյանը։
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը նշեց, որ Արաքս Դավթյանի ձայնը միջանցքներ էր բացում դեպի այլ իրականություն, դեպի այլ աշխարհ։ Նա նաև ափսոսանք հայտնեց, որ ցավոք քիչ են երգչուհու տեսագրված ու ձայնագրված կատարումները։
Արաքսը ինչքան հզոր երգչուհի էր բեմի վրա, այնքան փխրուն ու փափուկ անձնավորություն էր տանը, հարազատների հետ,- ասում է երգչուհու եղբոր աղջիկը՝ Լենան և հավելում, որ Արաքսն իր համար մոր պես է եղել։