Հայրապետյանը վերընտրվեց
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նստավայրում տեղի ունեցավ ՀՖՖ 8-րդ ընդհանուր ժողովը:
Օրակարգում 16 հարց էր: Բոլորից շատ, բնականաբար, հետաքրքրում էր, թե ով կընտրվի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: ՀՖՖ-ի կազմի մեջ մտնող կազմակերպությունները առաջարկել էին միայն Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը, որն էլ երրորդ անգամ անընդմեջ վերընտրվեց այդ պաշտոնում: Նա կպաշտոնավարի եւս 4,5 տարի:
Ընդհանուր ժողովի ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց բազմաթիվ հարցերի: «Ա1+»-ի մարզական թղթակցի այն հարցին, արդյոք ճիշտ չի լինի ավելի խստացնել Հայաստանի առաջնության կանոնակարգը եւ խստագույնս պատժել առաջնության խաղին չներկայացող թիմերին, ինչպես այս տարի վարվեց Երեւանի «Կիլիկիան», ՀՖՖ նախագահը պատասխանեց.
«Մենք այսօր շատ թիմեր չունենք, որպեսզի նման դեպքերում ավելի խիստ պատժամիջոցներ կիռարենք: Եթե բարձրագույն խմբում 18 թիմ հանդես գային, ապա այս տարվա մրցավարության հետ կապված խնդրի պատճառով 3 թիմի հաստատ կհեռացնեի: Համենայնդեպս, առաջնության խաղին չներկայացող թիմը ՀՖՖ-ի կանոնակարգով խստորեն պատժվում է»: