Եթե Ռուսաստանը սպառնում է միջազգային անվտանգությանը, կա ուժ կիրառելու իրավունք․Արա Ղազարյան
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ
-Ըստ էության՝ փետրվարի 24-ից խախտվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականություն։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ի՞նչ է սա ենթադրում։
-Միանշանակ սա պատերազմի ակտ է, այն էլ ագրեսիվ։ Խախտվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, պետությունների ինքնավարությունը, տարածքային ամբողջականությունը, պատերազմի արգելքը․․․․ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ պատերազմի արգելքի վերաբերյալ կա սկզբունք, որ պետություններն իրենց տարաձայնությունները պետք է լուծեն խաղաղ ճանապարհով։
Ռուսաստանին շատ խիստ սանկցիաներ են սպառնում։
Հաստատ կսառեցնեն Եվրոպայի խորհրդին նրա անդամակցությունը, քանի որ խախտվել է նաև Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը՝ չեզոքություն, ինքնավարություն, տարածքային ամբողջականություն։
-Կոնկրետ կոնվենցիաների այս կամ այն կետի խախտումը միայն անդամակցության սառեցում կամ այդ կարգի պատժամիջոցնե՞ր է ենթադրում։
-Գիտեք, եթե ինքը սպառնում է միջազգային կամ տարածաշրջանային անվտանգությանը, ըստ էության իրավաբանորեն այլ պետությունները իրավունք ունեն ուժ կիրառելու։
-Եվ դա անկախ նրանից թե «պաշտպանյալը» ՆԱՏՕ-ի անդամ է թե ո՞չ։
Այո-այո, սա ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն է, բայց դրա համար պետք է գործընթաց, անվտանգության խորհուրդի բանաձև և այլն-այլն։
-Իսկ ինչ պետք է անի այդ դեպքում Ուկրաինան։
Պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որպեսզի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունի բանաձև։
Ինչը Ուկրաինան դեռ չի՞ արել։
Կանի անպայման, դեռ պատերազմի առաջին օրն է։ Հիշենք 2000 թվականին Իրաք-Քուվեյթ հարաբերությունները։ ԱՄՆ-ն «իրավունք» ստացավ խախտելու Իրաքի տարածքային ամբողջականությունը և ռազմական օպերացիա իրականացնելու այնտեղ։ Սկզբից Քուվեյթում, իսկ հետո շարունակվեց Իրաքում։ 2003 թվականին արդեն առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի, ԱՄՆ-ն իր սահմանադրության հիման վրա, ելնելով անվտանգության նկատառումներից, իրականացրեց ռազմական ներխուժում։ Մինչև հիմա դա քննադատվում է, որովհետև արվեց առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի։
-Համոզվա՞ծ եք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը համարժեք որոշում կկայացնի։
Այո, իհարկե, որովհետև սա աննախադեպ երևույթ է։ Եվրոպայի տարածքում եղել է հիբրիդային պատերազմ, բայց այնպիսի պատերազմ ինչպիսին սա է՝ երբ որ բացահայտ կերպով ագրեսիվ պատերազմ իրականացվի, ես չեմ հիշում։ Սա բոլորովին նոր իրականություն է և անպայման անվտանգության խորհուրդը կարձագանքի։ Անվտանգության խորհրդում ուղղակի որոշումներ կայացնելու գործընթացն է խրթին։ Հիշենք, որ այնտեղ Ռուսաստանը ձայնի իրավունք ունի, մնում է, որ նա դաշնակիցներ ունենա, բայց դա այլ հարց է։
-Ստացվում է, որ Ուկրաինայի վերջին խաղաքարտը մնում է անվտանգության խորհու՞րդը։
-Չէ, ժամանակի ընթացքում գուցե միջազգային տրիբունալ ստեղծվի հատուկ այս հարցով։ Հիշենք, առանձին տրիբունալ ստեղծվեց Հարավսլավիայի դեպքով, Ռուանդայի դեպքով, վերջինը վերաբերվում է, իհարկե, ցեղասպանությանը, խոշտանգումներին։ Մենք դեռ չգիտենք թե ինչ փաստեր ի հայտ կգան ապագայում։ Անվտանգության խորհուրդը միայն քաղաքական սանկցիաներին վերաբերող հարթակ է, բայց ես վստահ եմ բազմաթիվ ատյաններում և հարթակներում այդ գործընթացը սկսելու է՝ տնտեսական, իրավական, քաղաքական և ռազմական։
Համենայն դեպս Ռուսաստանն իրեն դրել է օրենքի դաշտից դուրս։