Մենք գնում ենք էմոցիոնալ դաշտ՝ փորձելով զոհվածների ծնողներին սիրաշահել․ Կարեն Հովհաննիսյան
Աջակցիր «Ա1+»-ինԻրականում այս հարցը բավականին խնդրահարույց է, որովհետև ստացվում է մենք գնում ենք էմոցիոնալ դաշտ՝ փորձելով զոհվածների ծնողներին սիրաշահել և հետո կանգնելու ենք անվտանգային խնդիրների առջև,- «Ա1+»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Նա պատասխանում է հարցին՝ ինչ անվտանգային ռիսկեր կան 44-օրյա պատերազմում զոհվածների եղբայրներին պարտադիր զինծառայությունից ազատելու Կառավարության առաջարկության մեջ ։
Ռազմական փորձագետը հարցի լուծման տարբերակ է առաջարկում՝ նշելով, որ հարցը կարելի է այլ կերպ կարգավորել։
«Գաղտնիք չէ, որ ունենք թիկունքային զորամասեր, որ շատ ավելի մոտ են զոհված զինծառայողների բնակավայրերին, և կարող են տղաները ծառայել հենց այդ զորամասերում։ Դրանք տղաների բնակավայրերից հեռու են 20-25 կիլոմետր»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը՝ նկատելով, որ Կառավարության առաջարկության մեջ չկա ռազմական կամ ռազմավարական նշանակություն ունեցող որևէ բան։
Ռազմական փորձագետը հիշեցնում է՝ Հայաստանում նախկինում բազմաթիվ տարբերակներ են կիրառվել․
«Օրինակ, երբ մեր բանակը նոր էր կազմավորվում, կար պրակտիկա, որ փորձում էին այսպես՝ պիլոտային հասկանալ ինչ կարել է անել, ինչպես կարելի է անել, բայց այս դեպքում դա շատ խնդրահարույց է, և այդ որոշումը կարող է նախադեպային լինել,-ասոււմ է փորձագետը։-Այս հարցը կարող են հետագայում բարձրացնել նրանք, ովքեր մեկ տղա ունեն։ Կասեն՝ մի արու զավակ ունենք, մի կերպ ենք ունեցել և այլն»։
Դիտարկմանը՝ ինչպե՞ս կարող է փորձագիտական խմբերի կարծիքը ազդել այս որոշման՝ ընդունել-չընդունելու վրա, Կարեն Հովհաննիսյանն ասաց․ «Ցավոք, կառավարություններն ու իշխանությունները երբեք փորձագիտական դաշտի հետ հաշվի չեն նստել»։
«Որպես կանոն, իշխանության շահերն սպասարկող ձևական բնույթ կրող փորձագետների կարծիքները ներառել են փաստաթղթերի մեջ», -ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով՝ անկողմնակալ փորձագիտական կարծիքը իշխանությունները երբեք չեն ընդունել։
Հիշեցնենք՝ Կառավարությունն առաջարկում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինծառայությունից։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկը երեկ հաստատվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։