«Էլիտզուր» - «Հատիս»` ժամը 19:00-ին
Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմն այսօր կանցկացնի իր վերջին խաղը Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Մեր բասկետբոլիստուհիները Իսրայելում կմրցեն Ռամլայի «Էլիտզուր» թիմի հետ:
«Հատիսը» մրցավայր է մեկնել խաղից երկու օր առաջ: Ինչպես տեղեկացանք ակումբի մամուլի կենտրոնից, թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը այդ խաղին ընդգրկել է 10 խաղացողի: Բացակայում են վնասվածքներ ստացած Էրիկա Դեւիսն ու Ամանդա Ջեկսոնը, ինչպես նաեւ Սաթենիկ Մարտիրոսյանն ու Անի Պետրոսյանը: Հատկապես զգացնել կտա Ջեկսոնի բացակայությունը, քանի որ նա թիմի հնաբնակներից է եւ հիմնական կազմի առանցքային խաղացողը:
Հիշեցնենք, որ «Հատիսը» նախորդ երեք խաղերում պարտություն է կրել եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Նշենք նաեւ, որ Եվրոգավաթի այս տարվա խաղարկությունում խմբային մրցաշարին մասնակցող 36 թիմերից հաջորդ փուլ են դուրս գալիս 32-ը:
«Էլիտզուր» - «Հատիս» հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին: