Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կառավարությունը նպատակ ունի ամբողջությամբ անցնելու էլեկտրոնային ծառայությունների մատուցման (տեսանյութ)

Վաղը Վանաձորում կբացվի ևս մի քաղաքացիական կենտրոն։ Մամուլի ասուլիսն այդ մասին ասաց Արդարադատության նախարարի խորհրդական Անի Մխիթարյանը։

Նա ներկայացրեց, որ դեռևս 2020-ից արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել ստեղծել վարչական տարածքներ, որտեղ պետության անունից տրամադրվող բոլոր հանրային ծառայությունները ներկայացված կլինեն։

«Առաջին գրասենյակը մենք բացել ենք Երևանի կենտրոնում, որից հետո 2021-ին Իջևան և Գյումրի քաղաքներում»,-ասաց Անի Մխիթարյանը։ Հաջորդը, նրա խոսքով, լինելու է Վանաձորը։

Խոսելով ծառայության հիմնական նպատակի մասին, Մխիթարյանը նշեց՝ դրանով հնարավորություն է ընձեռվում մեկ վարչական տարածքում օգտվել բոլոր պահանջված հիմնական ծառայություններից։

Այնուհետև նա ներկայացրեց քաղաքացիական կենտրոններում ներկայացված ծառայությունների և կոմիտեների ցանկը՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Ազգային արխիվ, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում, Հարկադիր կատարման ծառայություն։

Ներկայացված է նաև կադաստրի կոմիտեն, Պետական եկամուտների կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը։ Որոշ տեղերում կան նաև նոտարական ծառայություններ։ Անի Մխիթարյանը հատկապես կարևորեց անձնագրերի և վիզաների ծառայությունը։

Խոսելով արդյունքների մասին՝ Մխիթարյանը նշեց, որ կառավարության ծրագրի համապատասխան մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր մարզերում լինելու են քաղաքացիական կենտրոններ։

Արդարադատության նախարարությունը կառավարության որոշմանը համապատասխան սկսել է քաղաքացիական կենտրոնի նոր մոդելի ձևավորման ուղղությամբ։ Արդարադատության նախարարի խորհրդականի խոսքով՝ թե՛ մարզային, թե՛ մայրաքաղաքի քաղաքացիական կենտրոններում, ըստ վիճակագրության, սպասարկվում է ամսական միջինը 2500-ից ավել մարդ։

Մխիթարյանի կարծիքով՝ թվերը խոսում են այն մասին, որ քաղաքացիները ծառայությունից գոհ են։

Արդարադատության նախարարի խորհրդականը չբացառեց, որ մինչև տարեվերջ կարող է կենտրոնների թիվն ընդլայնվել։

Բարեփոխումների համատեքստում Մխիթարյանը շեշետեց, որ մոտ ապագայում բոլոր հանրային ծառայությունները պետք է թվայնացվեն՝ դա կառավարության նպատակն է։