Պարտադրված վերադարձ
Նախկին թենիսիստ Մարկ Ֆիլիպուսիսը չորս տարի ընմիջումից հետո կրկին իր ձեռքը կվերցնի թենիսի ռակետը: 34-ամյա ավստրալացի մարզիկը ստիպված է նման որոշում ընդունել, քանի որ խոշոր պարտքեր ունի իր վարկատուներին:
2008 թվականի փետրվարին Մարկ Ֆիլիպուսիսը 1,3 մլն դոլար վարկ էր վերցրել երեք հարկանի առանձնատուն գնելու համար: Սակայն նախկին թենիսիստը չի կարողացել ժամանակին վճարել վարկի տոկոսները: Նրան գումար տրամադրած Perpetual Trustee Company ընկերությունը դիմել է Սիդնեյի քաղաքային դատարան` պահանջելով սնանկ ճանաչել Մարկ Ֆիլիպուսիսին:
Ավստրալացի թենիսիստն այժմ իր մոր հետ բնակվում է ԱՄՆ-ում: Նա չնայած վաճառել է իր առանձնատունը, սակայն դեռեւս 835 հազար դոլար պարտք ունի: Անվանի մարզիկը հայտարարել է, որ պարտքերը մարելու համար ինքը միայն մեկ տարբերակ ունի` վերսկսել ելույթները մեծ թենիսում եւ այդպես գումարներ վաստակել: