Բացել լրահոսը Փակել լրահոսը
248300703_2834267193544922_7271436999133013988_n
A A
Քաղաքականություն

Այս իրավիճակում Թուրքիան ու Ադրբեջանն «ինքնագլուխ» քայլեր դժվար իրականացնեն. քաղաքագետ

Բավականին դժվար է կանխատեսել պատերազմ կլինի, թե չի լինի։ Չեմ կարծում, թե մեկ հեռախոսազրույցը կարող է լուրջ փոփոխություն մտցնել իրավիճակում, թեև հասկանալի է, որ կողմերը հակված են չնահանջել իրենց մոտեցումներից։ 

 

«Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված լարված իրավիճակին, պատերազմի սկսման հավանականությանն ու այս համատեքստում սպասվող Պուտին-Բայդեն հեռախոսազրույցին, նման դիտարկում արեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ նշելով՝ «անկախ նրանից հեռախոսազրույցն ինչ տոնով կընթանա՝ մեծ հավանականությամբ թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Արևմուտքը կմնան իրենց դիրքերում»։

 

«Դա նշանակում է, որ պատերազմի հավանականությունը բավականին մեծ է»,- հավելեց քաղաքագետը։

 

Հարցին, եթե սկսվեն ռազմական գործողություններ դրանք ինչ ազդեցություն կունենան տարածաշրջանի ու հատկապես Հայաստանի վրա, Ռոբերտ Ղևոնդյանն պատասխանեց, որ հաշվի առնելով այն, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան Հայաստանի համար տնտեսական առումով ունեն մեծ նշանակություն՝ բնականաբար ազդեցությունը բացասական կլինի։

 

«Քաղաքական առումով, գուցե այս տարածաշրջանին անդրադառնալու ժամանակ չլինի։ Գուցե կարողանանք շունչ քաշել, բայց այստեղ էլ կա մի խնդիր՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,- նկատեց քաղաքագետը՝ նշելով՝ չգիտենք, թե ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանը կպահանջի, որ Հայաստանը նույնպես նեգրավվի գործընթացներին։

 

«Ա1+»-ի դիտարկմանը՝ մտավախություն չկա՞, որ ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կօգտվեն ստեղծված իրավիճակից և ագրեսիվ գործողություններ կսկսեն մեր սահմաններին, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց, որ քիչ հավանական է համարում նման սցենարը, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանն իրենց գործողությունները տարածաշրջանում իրականացնում են համաձայնեցնելով Ռուսաստանի հետ։

 

«Այս իրավիճակում «ինքնագլուխ» քայլեր դժվար իրականացնեն։ Ավելի հավանական է, որ Թուրքիան ներգրավված

կլինի ուկրաինական գործընթացի մեջ։ Եվ չի ունենա ժամանակ Հայաստանի հատվածում գործողությունների իրականացման համար»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը ինքն իրենով չի ներկայացնում այնպիսի քաղաքական սուբյեկտ, որպեսզի ռազմական գործողությունների սկսման որոշում կայացնի՝ առանց համաձայնեցնելու Ռուսաստանի և Թուրքիայի հետ։