Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Կլոն» հեռուստասերիալից հայտնի Luna Tu երգի կատարողը համերգ կունենա Հայաստանում (տեսանյութ)

Փետրվարի 13-ին իտալացի հանրահայտ երգիչ Ալեսանդրո Սաֆինան ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Իսկ Փետրվարի 15-ին ՝ «Դվին մյուզիք հոլում»:

Ծրագրում երգիչն ընդգրկել է Նինո Ռոտայի, Էնիո Մարիկոնեի ու Ազնավուրի երգերը, նաև Չարլի Չապլինի հանրահայտ «Սմայլ»-ը։

Սա Սաֆինայի երկրորդ այցն է Հայաստան և լրագրողների հետ հանդիպմանը հարցին, թե ինչ հիշողություններ ունի առաջին այցելությունից, տենորը պատասխանեց, որ տպավորել է հանդիսատեսի ջերմությունն ու «Արարատ» կոնյակը:

Ասաց նաև, որ «Կլոն» հեռուստասերիալից հայտնի Luna Tu  երգը, իհարկե, փոխեց իր կարիերայի ուղղվածությունը, քանի որ մինչ այդ զուտ դասական երաժշտություն էր կատարում։ Հիմա նաև իր գրած երգերն է սիրում կատարել:

Նշենք, որ համերգի կազմակերպիչը Sonati Art Made Textil ընկերությունն է։  «Քանի որ պետական աջակցություն համարյա չկա, որոշեցինք համատեղել մշակույթն ու բիզնեսը, հայտնեց  «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, որը նաև համերգի կազմակերպիչներից է։ «Երևանյան հեռանկարները» 23-րդ համերգաշրջանում կհյուրընկալեն աշխարհահռչակ երաժիշտների, մասնավորապես Դենիս Մացուևին, ֆրանսիացի երգիչ Գառուին։

«Մեր երկրի պատմության մեջ «Երևանյան հեռանկարները» երաժշտարվեստի առաջին փառատոնն է: Ահռելի ճանապարհ ենք անցել և գրանցելով մի շարք մշակութային նվաճումներ՝ դարձել ենք Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի անդամ»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը և հավելեց, որ այս տարվա մայիսին Հայաստանում կհյուրընկալվի Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի գագաթնաժողովը, ինչը մեծ պատիվ է։