Սալվարդը ծերանում է
Աջակցիր «Ա1+»-ին
Սիսիանի տարածաշրջանի Սալվարդ գյուղի բնակիչ Գայանե Հունանյանը 20 տարուց էլ ավելի է, ինչ առավոտյան ժամը 5:30 է արթնանում. պետք է հասցնի կթել կովերն ու պանիր պատրաստել:
5 երեխաներից 4-ին ամուսնացրել է, փոքր տղան ծառայում է բանակում: Որդիներից մեկի համար Երեւանում տուն են գնել, հենց նա էլ մայրիկի պատրաստած պանիրը իրացնում է մայրաքաղաքում: Եթե մեկ ամիս առաջ պանիրը վաճառողին էին հանձնում 1 կգ-ը 950 դրամով, հիմա արդեն իրենց պատրաստ են վճարել 1400 դրամ: Տիկին Գայանեն պանիր պատրաստելու իր գաղտնիքն ու բանաձեւն ունի, որը ոչ ոքի չի հայտնում:
«Պանիրը աղաջրի մեջ 6 ամիս պետք է մնա, որ հասունանա, համով լինի: Նրբություններ շատ կան՚,-ասում է 52-ամյա կինը:
Ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա գտնվող Սալվարդ գյուղը անասնապահության զարգացման համար նպաստավոր պայմաններ ունի: Սարերում խոտն ու ջուրն առատ են, սակայն 2009թ.-ի համեմետությամբ այս տարի 100-ով պակասել է կթու կովերի գլխաքանակը:
«Շուկա դուրս գալը բավականին բարդ է, գյուղացու արտադրանքը դժվար է իրացվում, ցածր գնով: Մարդիկ հիասթափվում են: Խոտի ամբարման խնդիր չկա, այս տարի խոտհարքերի մոտ 70 տոկոսը չի հնձվել՚,- հավաստիացնում է 52-ամյա Սամվել Փանյանը:
77-ամյա Սիմակ պապը հիշում է,որ տարիներին մենակ 1200 տոննա խոտ է հնձել: Այսօր ուժը մի քիչ պակասել է, սակայն աշխատելու մեծ ցանկություն ունի: Հայրենի գյուղը լքելու բազում պատճառներ է ունեցել, սակայն այդ մասին չի մտածում անգամ հիմա: «Երիտասարդներին խորհուրդ կտամ գյուղը չլքեն, աշխատեն, ապրեն գյուղում: Էս լավ ու առատ բնությունը ուր են թողնում գնում, իրենց հայրերի ու պապերի գերեզմանը ուր են լքում, բա ամոթ չի մեզ համար: Գյուղը ծերանում է բալա»,- նշում է Սիմակ Փանյանը:
Տիկին Աիդան խորհրդային տարիներին որպես լավ ծխախոտագործ պարգեւատրվել է «Ոսկե աստղ» մեդալով: Դժվար, բայց եւ անհոգ տարիներ էին,- հիշում է նա,- կար աշխատանք, մարդիկ ուրախ էին, հիմա... «Հիմա երիտասարդները ծխելով էս պատի տակը, էն պատի տակը, բա ըտենց կլնի՞: Ես եմ ուզում որ իմ երեխեն լավ ապրի: Տեսնում եմ, որ ըստեղ աշխատանք չկա, ասում եմ թող գնա քաղաք»,-ասում է 63-ամյա Աիդա Սամվելյանը:
Գյուղացիներին կաթի մթերման հարցում աջակցելու նպատակով «Ակցիա սովի դեմ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության 10 մլն դրամ ֆինանսավորմամբ կաթի մթերման կետ է հիմնել, որից կարող են օգտվել հարեւան 5 համայնքների բնակիչներ եւս:
Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կա արտադրողն ու արտադրանքը: Մթերող ձեռներեցները Սալվարդ չեն հասնում, որովհետեւ ճանապարհները անմխիթար վիճակում են: «Հիմա, երբ կա կաթի մթերման կետը, մարդիկ կավելացնեն անասնագլխաքանակը` ապահովելով լրացուցիչ եկամուտ: Կարծում ենք կկանխվի նաեւ արտագաղթը: Կաթի մթերման կետի առկայությամբ փորձել ենք լուծել երկու հարց` կաթի իրացում եւ գյուղացի կնոջ աշխատանքի թեթեւացում»,- տեղեկացնում է «Ակցիա սովի դեմ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Պասկալ Բոկկերսը:
Սալվարդում խնդիրները շատ են: Գյուղը չունի դպրոցական տիպային շենք, այն վթարային էր եւ քանդվել է 1990թ.-ին` նորը կառուցելու նպատակով: Այսօր գյուղի դպրոցահասակ 30 երեխաները իրենց դասերն անցկացնում են համայնքապետարանի շենքում:
Սալվարդի հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Արամը առարկաներից գրականությունն է սիրում, ուսուցիչներից` դասղեկին, արհեստներից փայտամշակումն է նախընտրում: Դեռ չի որոշել գյուղից աղջիկ կնության կառնի՞, թե՞ ոչ, մի բան հաստատ է որոշել` գյուղում չի մնալու: «Եղբայրս կմնա»,-որոշումը բարձրաձայնում է Արամը:
Գյուղապետ Վարդան Մեսրոպյանը չի հիշում, թե համայնքում վերջին անգամ երբ է զուռնա-դհոլի ձայն լսվել: Չկան նաեւ նորածիններ:
Համայնքն ունի 68 տնտեսություն, 300 մշտական բնակչով: Անցած տարի դեկտեմբերի 31-ին Սալվարդում 20 տան լույս չի վառվել, այդ թիվը այս տարի կավելանա 5-ով, -ցավով նշում է Վարդան Մեսրոպյանը: