Վարորդների բողոքի ակցիան ԱՊՊԱ-ի թանկացման դեմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱՊՊԱ-ի թանկացման դեմ վարորդների խաղաղ ակցիան մեկնարկեց Ստեփան Շահումյանի արձանի մոտից։ Ակցիայի մասնակիցները մեքենաներն ըստ կարգի կայանեցին և քայլերթով շարժվեցին ԱՊՊԱ բյուրոյի շենքի մոտ։
Ակցիայի մասնակիցները լրագրողների հետ զրույցում ներկայացրեցին իրենց դժգոհությունները ԱՊՊԱ-ի թանկացման դեմ՝ նշելով, որ գնալու են մինչև վերջ։ Նրանք այսօր արդեն պահանջում էին ԱՊՊԱ բյուրոյի գործադիր տնօրենի՝ Վաղինակ Եղիազարյանի հրաժարականը։
«Ա1+»-ի հարցին՝ բյուրոյի ղեկավարի հրաժարականից հետո թանկացման հարցը կլուծվի՞, ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ նախկին ղեկավարի հետ հնարավոր է եղել լեզու գտնել։
Մեր հարցին՝ ինչու՞ են խաղաղ ակցիային քիչ թվով քաղաքացիներ մասնակցում՝ հաշվի առնելով այդքան շատ մեքենաների առկայությունը հանրապետությունում, ակցայի մասնակիցները պարզաբանեցին, որ վարորդներից շատերը անտեղյակ են թանկացման մասին։
Այնուհետ թանկացման դեմ բողոքող վարորդները քայլելով ու սուլելով շարժվեցին դեպի ԱՊՊԱ բյուրոյի շենքի մոտ։ Ակցայի մասնակիցները նշեցին, որ հարցը չլուծելու դեպքում պատրաստ են խաղաղ ակցիաները փոխարինել անհնազանդության ակցիաներով։
Բյուրոյի շենքի մոտ ակցայի մասնակիցներից երկուսին լրագրողների ներկայությամբ ընդունելու առաջարկությամբ հանդես եկավ ԱՊՊԱ բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։ Շենք մտած ակցայի մասնակիցները պահանջում էին այսօրվանից ուժի մեջ մտնող թանկացման որոշման չեղարկում։
«Թանկացումները պայմանավորված են տվյալ ծառայության, այսպես ասած, ինքնարժեքի հատուցումների աճով։ Իսկ հատուցումների ծավալն աճել է վերանորոգումների, պահեստամասերի գների աճի որոշ կարգավորումների արդյունքում, որի արդյունքում երբևէ չվերանայված սակագներն արդեն համարժեք չեն եղել ապահովելու համապատասխան հատուցումները։ Սա եղել պատճառը»,- ասաց ԱՊՊԱ բյուրոյի գործադիր տնօրենը։
Հիշեցնենք՝ ԱՊՊԱ համակարգի կայունությունն ապահովելու նպատակով տեղի են ունեցել փոփոխություններ ապահովագրավճարի հաշվարկման մեթոդաբանության մեջ, չեզոքացվել են ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվել բոնուսային և մալուսային վճարները։
Մանրամասները՝ տեսանյութում։