Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I0265
A A
Տնտեսություն

2021թ. դեկտեմբերին արձանագրվել է ռեկորդային ցուցանիշ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին վիճակագրական տվյալներ է ներկայացրել։

 

«Որոշ վիճակագրական տովյալներ հունվար ամսվա ընթացքում հրապարակվել են, և պիտի ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 659 471 աշխատատեղ, ինչը կրկին բացարձակ ռեկորդ է Երրորդ հանրապետության պատմության ընթացքում: Այսինքն՝ երբեք Հայաստանի Հանրապետությունում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել, ինչքան 2021 թվականի դեկտեմբերին: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, 2021 թվականին աշխատատեղերն ավելի են 37 629-ով, 2019-ի համեմատ՝ 30 758-ով, 2018-ի համեմատ՝ 70 977-ով: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ որևէ թվային մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետև այս աշխատատեղերը գրանցված են, այս աշխատատեղերի համար վճարվել է աշխատավարձ, և եթե անհրաժեշտություն լինի, բոլոր՝ 659 471 աշխատողներին անուն-ազգանունով կարող ենք նույնականացնել:

 

Ընդ որում՝ ուզում եմ կարևոր արձանագրում էլ անել, որ էական աճ է գրանցել նաև միջին ամսական աշխատավարձը: Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 661 դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավելի է 30 000 դրամով կամ 12 տոկոսով, 2019 թվականի համեմատ՝ 43 000 դրամով կամ 18 տոկոսով, 2018 թվականի համեմատ՝ 54 000 դրամով կամ 24.6 տոկոսով: Սա մեկ մարդու ստացած միջին ամսական աշխատավարձն է:

 

Ցանկանում եմ ընդգծել նաև համախառն աշխատավարձը՝ թե ընդհանուր աշխատավարձային ֆոնդն ինչ շարժ է ունեցել: 2021 թվականի ընթացքում հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 մլրդ 600 մլն դրամ աշխատավարձ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 15.7 մլրդ դրամով կամ 13 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատ՝ 38.7 մլրդ դրամով կամ 38 տոկոսով:

 

Նաև այս փաստերի բերումով պիտի արձանագրեմ, որ ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտավորապես 9 տոկոսով՝ 2018 թվականի համեմատությամբ: Խոսքը մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողների մասին է, և 60.4 տոկոսից դարձել է 51.45 տոկոս: Անգամ կորոնավիրուսի, պատերազմի, հետպատերազման ցնցումների պայմաններում, ինչպես արդեն նշեցի, միջին անվանական աշխատավարձի շարունակական աճ է արձանագրվել մոտավորապես 55 000 դրամի չափով:

 

Բայց, ցավոք, պիտի ընդգծեմ, որ մենք չենք կարող ասել, որ այս թվային փոփոխությունները, ըստ էության, մեծացրել են  մեր քաղաքացիների բարեկեցությունը: Ինչո՞ւ չենք կարող ասել: Որովհետև, ցավոք, 2021 թվականի ընթացքում ունեցել ենք էական գնաճ, որը 2021 թվականի դեկտեմբերին, 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, կազմում է 7.7 տոկոս, իսկ սա ավելին է, քան մենք նախատեսել էինք պետական բյուջեով: Գիտեք, որ գնաճը գլոբալ պրոբլեմ է, պետք է արձանագրենք, որ Հայաստանում այսպես ասած, առանձին վերցրած որևէ գործընթաց տեղի չի ունենում, այլ գլոբալ ազդեցություններ են: Ընդհակառակը, մենք փորձում ենք միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար և հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի:

 

Եթե սրա հետ զուգահեռ մեզ հաջողվի արձանագրել մեր նշաձողը՝ 7 տոկոս տնտեսական աճը, հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք: Նաև պիտի նշեմ, որ 2021 թվականի նախնական արդյունքներով՝ 5.8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որը, իհարկե, ավելին է, քան ի սկզբանե պլանավորվում էր 2021 թվականի համար, անգամով է ավելի, բայց, իհարկե, պակաս է մեր ցանկություններից: Այս առումով կարծում եմ, որ մեզնից շատ լուրջ ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանանք մեր սահմանած նշաձողերին հասնել: Այս թեմայի, ասվածի վերաբերյալ եթե կան մեկնաբանություններ, խնդրեմ»: