Բացել լրահոսը Փակել լրահոսը
police
A A
Հասարակություն

Վրաստանում ցույցեր են ընդդեմ ոստիկանների

Վրաստանի մի շարք քաղաքներում այսօր՝ հունվարի 26-ին, տեղի են ունեցել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների ու համակիրների կողմից կազմակերպված բողոքի ցույցեր՝ ընդդեմ ոստիկանների կողմից անչափահասների նկատմամբ բռնության դեպքերի։

Թբիլիսիում ցույցն ընթանում է իշխող «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակի մոտ։

Բողոքի պատճառը մետրոյի Իսանի կայարանում տեղի ունեցած միջադեպն է, երբ պարեկային ոստիկանության աշխատակիցը ֆիզիկական բռնություն է գործադրել հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ։

Ցուցարարները նշել են, որ եթե դեռահասին ծեծի ենթարկելու տեսագրությունը չհրապարակվեր, ապա այս փաստը կքողարկվեր։ Նրանց խոսքով, առանձին ոստիկանների բերման ենթարկելով խնդիրը չի լուծվի, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։

Հիշեցնենք՝ երեկ ևս Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքում «Դրոա» և «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունների երիտասարդական թևի ներկայացուցիչները «Ո՛չ ոստիկանությանը», «Ո՛չ բռնությանը» պաստառներով ու կոչերով ցույց են անցկացրել։

Նշենք, որ հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ձերբակալվել են երկու ոստիկաններ՝ Նուկրի Բաքրաձեն և Կախա Բակաշվիլին։

Աղբյուր՝ Aliq.ge