Ափսոսում են
ԱՄՆ-ի հավաքականում ամենաերիտասարդ գոլի հեղինակ դարձավ Ագուդելոն: Երեկ Կեյպթաունում կայացած ՀԱՀ - ԱՄՆ ընկերական խաղի միակ գոլը խփել է հենց նա: Այդ օրը Ագուդելոն եղել է 17 տարեկան, 360 օրական: Նա այդ ցուցանիշով գերեզանցել է Ջոնի Ալտիդորի ռեկորդը, որը 2008 թվականին Մեքսիկայի հավաքականի հետ խաղում գոլի հեղինակ էր դարձել 18 տարեկան հասակում:
ՀԱՀ-ի նկատմամբ տարած հաղթանակը մեծ խանդավառությամբ են ընդունել ամերիկացի երկրպագուները, քանի որ թիմի կազմում հանդես են եկել մեծ թվով երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստներ: Հետաքրքիրը այն է, որ այդ խաղացողների մեծ մասը ծնունդով տարբեր երկրներից են: Մասնավորապես` Ագուդելոն Կոլումբիայից է, Դիսկերուդը` Նորվեգիայից, Տիլ Բանբերին` Կանադայից, Գեյլ Ագբոսումենդին` Տոգոյից:
Ամերիկյան լրատվամիջոցները միաժամանակ ափսոսանք են հայտնել, որ երկրի հավաքականում չեն կարող խաղալ հայազգի Յուրա Մովսիսյանը, սերբ Նեւեն Սուբոտիչը եւ իտալացի Ջուզեպե Ռոսին, որոնք ցանկություն են հայտնել հանդես գալ իրենց պատմական հայրենիքների հավաքականներում: