Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հրթիռները, պիտանելիության հետ կապված, երբեք որևէ խնդիր չեն ունեցել՝ փաստեր կան․ փաստաբան (տեսանյութ)

Կան բազմաթիվ փաստեր՝ հրթիռները պիտանելիության հետ կապված, երբեք որևէ խնդիր չեն ունեցել․ փաստաբան

Այսօր տեղի է ունենալու առաջին դատական նիստը հայտնի անորակ հրթիռների գործով, որով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը։ Գործի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։

Այս մասին այսօր մինչ նիստը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» փաստաբաններից Արամ Հարությունյանը՝  նշելով, որ ամենայն հավանականությամբ կքննարկվի խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը և ընդգծեց՝ բոլոր ամբաստանյալները ներկա են լինելու դատական նիստին։

Հարցին՝ ինչու՞ է մերժվել փաստաբան Հարությունյանի ուղարկված ԱԱԾ միջնորդությունը, որպեսզի անպիտան հրթիռները փորձարկվե՞ն, փաստաբանն ասաց՝ մերժման պատճառները չգիտեն։

«Մի բանում վստահ ենք՝ այս գործի անկյունաքարային հարցը՝ որակը պետք է պարզվեր սահմանված կարգով նշանակված մասնագետների փորձաքննության արդյունքում, ինչը չի կատարվել։ Դատական գործի նախաքննության փուլում և ավարտին բազմաթիվ փաստեր կան, որոնք ուղղակիորեն վկայում են այն մասին, որ այդ հրթիռները, պիտանելիության հետ կապված, երբեք որևէ խնդիր չեն ունեցել»,- ասաց փաստաբան Հարությունյանը։

Հրթիռների որակի և փորձաքննության հետ կապված դիտարկում արեց Գալստյանի մյուս պաշտպան Արմեն Անդրիկյանը, նշելով՝ երեկ չէ առաջին օրը գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը լրատվամիջոցների հետ հարցազրույցում չի բացառել, որ փորձարկման արդյունքում կլինեն հրթիռներ, որոնք համապատասխան կպայթեն և որակի առումով խնդիր չեն առաջացնի։

«Հիմա ամբողջ նախաքննության արդյունքում մեր նախաձեռնությունը հենց կայանում էր նրանում, որ իրականացվի փորձաքննություն և փորձարկում և պարզվի այդ հանգամանքը։ Հիմա Դատախազությունը առանց փորձաքննության և փորձարկման ավարտ է հայտարարել, մեղադրական եզրակցության գործն ուղարկել է դատարան, բայց գլխավոր դատախազի տեղակալն ընդունում է այդ հանգամանքը»,- ասաց փաստաբան Անդրիկյանը։