Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արցախի ԱԳՆ-ի ռազմավարության և մարտավարության հարցերում կան փոփոխություններ․ Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Մենք փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք մեր շահերը միջազգային ատյաններում և անմասն չմնանք աշխարհաքաղաքական գործընթացներից․ մամուլի ասուլիսին ներկայացնելով Արցախի Հանրապետության դիվանագիտական կորպուսի կատարած աշխատանքը՝ ասաց ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը։

Բաբայանը ներկայացրեց նաև իր գերատեսչության կատարած աշխատանքի թվաբանական պատկերը։ 2021-ին ԵԱՀԿ-ին ուղարկել են 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ին՝ 15, իսկ Եվրախորհրդին՝ 4 փաստաթուղթ։ Արցախի ԱԳՆ-ն անցնող տարում արել է 32 պատշոնական հայտարարություն և 88 պաշտոնական հաղորդագրություն։

Մեծ է նաև սոցիալական ցանցերում Արցախի ԱԳՆ-ի հետևորդների թիվը՝ 66,000։
Դավիթ Բաբայանը կարևորեց, որ լայն գործիքակազմով իրենց նախարարության տեսակետը հայտնել են տարբեր երկրների հանրությանը և հայկական սփյուռքին։

Չի եղել քաղաքական և դիվանագիտական հարձակում հատկապես Ադրբեջանի կողմից, որին պաշտոնական Արցախը չի պատասխանել՝ ընդգծում է Արցախի ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Արցախի ԱԳՆ-ի հիմնական նպատակներին գումարվել են նաև այլ առաջադրանքներ։ Գերակայությունների մեջ առաջնայինը աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է։

Արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը, ըստ նրա, հիմնված է լինելու Արցախի շահերի, ինքնիշխանության վրա՝ ասում է Արցախի արտգործնախարարը ու հավելում՝ բոլոր միջոցներով պետք է ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։

Բաբայանը բացահայտեց, որ Արցախի արտաքին գործերի նախարարության ռազմավարության և մարտավարության հարցերում ևս կան փոփոխություններ։