«Առանց գյուղատնտեսության հնարավոր չէ»
90-ական թվականներին Սիսիանի շրջանը ունեցել է 80000 գլուխ ոչխար, այսօր այդ թիվը առավելագույնը կկազմի 22000: Ռացիոնալ մշակվել է 25.000 հա վարելահող, ասօր դրա 45-50 տոկոսը հազիվ թե մշակվի:
Այս տվյալները ներկայացնում է 50 տարվա գյուղատնտես Ռաֆիկ Ստեփանյանը:
Չնայած այժմ արդեն 73 տարեկան է, սակայն շարունակում է խորհրդատվություն իրականացնել գյուղական համայնքներում: Այսօր Սիսիանի` երբեմնի գյուղատնտեսական համբավը վերականգնելու, նաեւ ոլորտի մասնագետների երիտասարդացման խնդիր կա: «Առանց գյուղատնտեսության զարգացման, առանց հող մշակելու, առանց անասնապահության, առանց այգեգործության ու բանջարաբուծության ժողովրդին չես կարող կերակրել, դա անհնարին է»,- կարծիք է հայտնում գյուղատնտեսը:
Գյուղատնտեսական մասնագիտությունները գյուղին մոտ կանգնած մարդկանց հասանելի դարձնելու, նաեւ երիտասարդությանը գյուղին կապելու նպատակով Հայաստանի պետական ագրարային համալսարանը 2004թ. մասնաճյուղ հիմնեց նաեւ Սիսիանում:
«Սիսիանը համարվում է տարածաշրջանի ագրոպարենային ոլորտի կարեւոր կենտրոններից մեկը եւ իր բազմադարյան պատմության ընթացքում` հացի շտեմարանը: Այդ իսկ պատճառով պատահական չէր Սիսիանի ընտրությունը եւ համոզված եմ` ճանապարհը ճիշտ է գնում: Փորձելու ենք Սիսիանում հասցնել բարձր մակարդակի, լուծել այն հարցերը, ինչ ագրոպարենային ոլորտը պահանջում է»,-նշում է ՀՊԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը:
2006թ.-ից մասնաճյուղն ունի իր առանձին մասնաշենքը, ուր ագրոպարենային ոլորտի 6 մասնագիտությունների գծով հեռակա ուսուցմամբ բարձրագույն կրթություն է ստանում 350 ուսանող, եւս 23 երիտասարդ ուսանում է հենակետային քոլեջում: Դասախոսների թիվը հասնում է 45-ի: Առանձին` նեղ մասնագիտական առարկաները դասավանդում են մայր բուհի դասախոսները:
Սիսիանի տարածաշրջանի Թասիկ համայնքի ղեկավար Խաչիկ Հովհաննիսյանը բուհի այն առաջին շրջանավարտներից է, ովքեր բարձրագույն կրթության դիպլոմներ ստացան հենց տեղում: Հայրենի քաղաքում ուսանելը շատ սիսիանցիների համար դյուրին է մի շարք առումներով: Սա նաեւ մայրաքաղաքային ծախսերից խուսափելու միջոց է:
Խաչիկ Հովհաննիսյանի խոսքով` գյուղերում աստիճանաբար մեծանում է գյուղատնտեսական ոլորտի մասնագետների պահանջարկը: Մարդիկ հասկացել են, որ եկամուտ ստանալու համար անհրաժեշտ է գրագետ տնտեսություն վարել: Միայն Թասիկից այստեղ բարձրագույն կրթություն է ստանում 6 երիտասարդ:
ՀՊԱՀ-ի 80-ամյակի առիթով մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը արժանացել է ոսկե հուշամեդալի: Բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանն այն վերագրում է ողջ կոլեկտիվի աշխատանքին: