Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 14-ը հունվարի․ Նամակ Պուտինին՝ Ազատամարտի վետերաններից ու Զորի Բալայանից (տեսանյութ)

Վարչապետ Ռոբերտ Քոչարյանը 1998-ի հունվարի 14-ին հանդիպում է լրագրողների հետ՝ ինքը կարծում էր, որ ասուլիսի փոխարեն կլինի զրույց: Նշանակում է՝ շատ փակագծեր չի բացի, ասենք, Անվտանգության խորհրդի վերջին նիստի մասին: Վարչապետը չի ժխտում, որ այնտեղ կարծիքների կտրուկ բեւեռացում է եղել եւ ոչ մեկն իր կարծիքը չի փոխել։ Հիշեցնենք, որ այդ նիստում Ղարաբաղի հարցի լուծման պատկերացումներով Տեր-Պետրոսյան-Վանո Սիրադեղյան-Ալեքսանդր Արզումանյան եռյակին հակադրվում է Ռոբերտ Քոչարյան-Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան եռյակը։

1999-ի այս օրերին «Արմենթելը» լսում է բաժանորդների բողոքը եւ անորոշ ժամանակով հետաձգում սակագների բարձրացման հարցը՝ մինչեւ ժողովրդին հոգեբանորեն կպատրաստեն րոպեավճարի բարձրացմանը: Իր հերթին Արմենթելն ամբողջությամբ վճարել է կառավարության 142 միլիոն դոլարը, սակայն 1998-ի ընթացքում պարտավորվելիք 100 միլիոն դոլարի ներդրման փոխարեն կատարել է 14 միլիոնի ներդրում: Արմավիրի Մարզի Առատաշեն գյուղը ոռոգման ջուր չուներ:

2000-ի ապրիլից կունենա: Այս օրերին ամբողջ թափով ընթանում են ջրագծի շինարարության աշխատանքները: Համաշխարհային բանկի 820 հազար ամերիկյան դոլարը գործին թափ է հաղորդել: 130 հոգի 250 ամերիկյան դոլարով անում է ամեն ինչ, որ այս գյուղն այլեւս ինքնահոս կոյուղաջրերով չոռոգի իր հողը:

2000-ի այս օրը հայ եւ ռուս օդերեւութաբանները պայմանագիր են ստորագրում: Պայմանագիրը պետք է նպաստի, որպեսզի բարձրանա եղանակ կանխատեսող մեր մասնագետների որակը՝ մեր օդերեւութաբանները կվերապատրաստվեն Ռուսաստանում:

2001-ի այս օրերին ԱԻՄ կուսակցությունը փող է աշխատում վիճակախաղով: Կուսակցության նախագահը հերքում է փող աշխատելու փաստը՝ սա նվիրատու միջոցառում է, որով ապահովում են իրենց գործունեությունը, շահողներն էլ արդեն կան

2001-ի այս օրերին Հայաստանում թանկացել են դեղերը: Ներմուծողներն արդարանում են՝ օրենքն է թանկացրել:

Պետեկամուտների նախարարն էլ է հիմնավորում թանկացումը: Ներմուծողները համաձայն չեն: Նախարարն ասում է, որ ներմուծողներն իրականում կեղծ ինվոյսներ են ներկայացնում հարկային մարմիններին:

Թեթեւ արդյունաբերության նախկին հսկաներից մեկը՝ «Գարունը» 2001-ի այս օրերին առնվազն արտադրական երկու երեք պատվեր ունի: Ոլորտի մասնագետն ասում է, որ խորհրդարանն էլ իրենց պետք է օգնի՝ այնտեղ առեւտուրն ավելի են կարեւորում, քան՝ արդյունաբերությունը, նաեւ ճանապարհներն են թանկացնում ապրանքը, ինչը խրտնեցնում է օտար պատվիրատուներին։

Ազատամարտիկները դժգոհ են՝ Ռուսաստանի նախագահը ծաղիկներ է դրել 1990-ի հունվարի 19-ին եւ 20-ին Բաքվում խորհրդային զինվորների սպանած ադրբեջանցիների գերեզմանին: Վլադիմիր Պուտինին ուղարկվելիք Ազատամարտի վետերանների միության նամակը չի ուշանում: Մի նամակ էլ հրապարակախոս Զորի Բալայանն է գրել։

2005-ի հունվարի 14-ին Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ հանրապետական պատգամավոր Վազգեն Խաչիկյանը նշանակվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը 2011-ի հունվարի 14-ին համոզված է, որ քաղբանտարկյալների թիվը Հայաստանում 150-ից իջել է 9-ի՝ շնորհիվ ՀԱԿ-ի բազմահազարանոց ցույցների ու պիկետների: Դրանք հրավիրեցին եվրոպացիների ուշադրությունը, ինչը վախեցրեց իշխանություններին 2012-ի այս օրերին փակման վտանգի առաջ են կանգնած փոքր ատամնաբուժարանները, որոնց տնօրեններն արդեն զգուշացվել են, որ 2012-ին իրենց գործունեության հարկերը բարձրանալու են: Ըստ նոր կարգի երեք ատամնաբուժական աթոռ ունեցող կլինիկաները ամեն բազկաթոռի համար 15 հազարի փոխարեն 80-ից 100 հազար պիտի վճարեն: