Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցություններն ավարտվել են առանց առաջընթաց գրանցելու (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքի անդամները չորեքշաբթի օրը Բելգիայում հանդիպում անցկացրին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ նոր հակամարտությունը կանխելու ուղիները: Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առանցքային բանակցությունների մի մասն է։

Չորս ժամ տեւած բանակցություններից հետո Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք հեռու են համաձայնությունից: «Մեր տարաձայնությունները հեշտ չի լինի կամրջել»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ից պահանջում է դադարեցնել ընդլայնումը դեպի արևելք և հետ պահել դաշինքի առաջխաղացումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջուլիանա Սմիթն ասել է, որ ՆԱՏՕ-ն հաստատակամ է ի՛ր դիրքորոշման հարցում: «Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ չի ցանկանում գնալ զիջումների կամ քննարկել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության հետ կապված որևէ հարց», - ասել էր նա:

ՆԱՏՕ-ի դաշնակիցները չորեքշաբթի օրը վերահաստատեցին, որ մերժում են Ռուսաստանի հորդորներն ու պահանջները։ ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար, պետքարտուղարի տեղակալ Վենդի Ռ. Շերմանը Ռուսաստանի որոշ պահանջներ անվանել է «պարզապես ոչ մեկնարկային»:

Բանակցությունների ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Վ. Գրուշկոն հայտարարել է. «Ուզում եմ ասել, որ քննարկումը բավականին ազնիվ, անմիջական, խորը և ընդգրկուն էին։ Բայց միևնույն ժամանակ դրանք ցույց տվեցին մեծ տարաձայնություններ հիմնարար հարցերի շուրջ»։

Ռուսաստանը մոտ 100.000 թվակազմով ռազմական ուժեր է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանների մոտ և օկուպացված Ղրիմում, որը կարող է դառնալ ‘’նախերգանք’’ նոր պատերազմ սկսելու համար:

ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գործընկերների և դաշնակիցների հետ միասին պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիան իր իսկ համար լուրջ կորուստ դառնա:

«Ընդհանուր առմամբ, մենք ունենք պատկերացում, թե ինչպիսի ինտենսիվ ֆինանսական միջոցներ պետք է ձեռնարկենք», ասել է նա ու ավելացրել, որ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները միասին կմշակեն միջոցառումների բավականին ‘’ցավոտ փաթեթ’’։

ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռուսաստանին կոչ են արել «անհապաղ դեէսկալացնել իրավիճակը Ուկրաինայում և հարգել իր հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն պարտավորվել հետ քաշել զորքերը, ոչ էլ մերժել են պահանջը:

ՆԱՏՕ-ն նախազգուշացնում է Եվրոպայում նոր պատերազմի վտանգի մասին։