Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Հասարակություն

Խաղողից բացի այլ մրգային գինիները այլև չեն կարող արտահանվել ռուսական շուկա՝ որպես գինի

Բացի խաղողից այլ մրգային գինիները՝ գինի մակնշմամբ այլևս չեն կարող արտահանվել ռուսական շուկա, ՌԴ-ում հունվարի 1-ից գինի է կարող է կոչվել միայն խաղողից պատրաստվածը: Հայկական արտադրողների համար այսպիսով խնդիրներ են առաջանում, օրինակ Հայաստանում պատրաստվող նռան գինին ռուսական շուկայում խանութներում պետք է հայտնվի ոչ թե գինիների, այլ ավելի էժան ալկոհոլային ըմպելիքների շարքում՝ ընդ որում «պտղային ալկոհոլային արտադրանք» անվանմամբ:

Խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, նախատեսվում է սահմանել նռան գինու առանձին կատեգորիա, այսինքն` խմիչքի առանձին տեսակ, որը կարող է կոչվել «Գրանատուս»:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց. «Եթե մասնագիտորեն նայենք՝ իսկապես գինի կոչվում է այն խմիչքը, որը պատրաստվում է խաղողից: Սա է Ռուսաստանին ստիպում, որ օրենքի մեջ այդ փոփոխություններն անեն և միայն խաղողից պատրաստված խմիչքը համարեն գինի»:

Ըստ Մուրադյանի՝ Հայաստանում մոտ 6 մլն լիտր մրգային գինի է արտադրվում, որից 4.7 մլն լիտրն արտահանվում է, ընդ որում վերջին տարիներին այդ ծավալն ամեն տարի աճում է: Հայաստանից արտահանվող մրգային գինիների մոտ 80 տոկոսը հենց ռուսական շուկա է արտահանվում: Նռան գինին Հայաստանում հիմնականում պատրաստում են մաքուր նռից, բնական խմորումով, և այն, այսպես ասած, դարձել է ազգային խմիչք: Եվ համարել, թե դա ոչ բնական, արոմատացված խմիչք է, Մուրադյանն անթույլատրելի է համարում:

«Դրա համար մենք արտադրողների հետ մտածում ենք ստեղծել նռան գինու առանձին կատեգորիա և այդ նոր կատեգորիայով շուկայահանել»,-ասաց նա՝ նկատելով, որ սակայն դրա համար ժամանակ է պետք: Իսկ մինչև դա հայկական մրգային գինի արտադրողները խնդիրներ են ունենալու՝ ռուսական շուկա արտահանում անելու հարցում: Ռուսական ներմուծող կազմակերպությունները, օրինակ, կարող են չցանկանալ աշխատել խաղողից բացի այլ հումքից գինի արտադրողների հետ, քանի որ ռուսական շուկայում հնարավոր է, որ դրա վաճառքը նվազի: «Ռուս սպառողը շատ զգայուն է նման փոփոխությունների նկատմամբ: Եվ, եթե մրգային գինիները՝ այլ մակնշմամբ տեղադրվեն այլ դարակների վրա, վաճառքները կարող են լուրջ նվազել»,-ասաց հիմնադրամի տնօրենը: Խաղողի և գինու միջազգային կազմակերպությունը ևս քննարկում, աշխատանքներ է տանում՝ արգելելու խաղողից բացի այլ մրգերից պատրաստված խմիչքները գինի կոչելը, մակնշելը: «Եվ ինչքան շուտ մտածենք, թե ոնց ենք մեզ դիրքավորվում, ինչքան շուտ մտածենք, թե ինչպես ենք մեր ունեցածը պաշտպանում, այնքան ավելի լավ մեզ համար: Այս պահի դրությամբ կարող ենք ինչ-որ ժամանակավոր լուծում տալ, բանակցել, որ թույլ տան կես տարով կամ ինչ-որ ժամանակով այդպես մակնշել, բայց վաղ թե ուշ այդ խնդրի առաջ կանգնելու ենք»,-նկատեց Մուրադյանը: Մանրամասները՝ սկզբանղբյուրում