Հայաստանում «օմիկրոն» շտամ չի հայտնաբերվել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում իրականացվել է սեկվենավորում և անցյալ շաբաթվա տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդության « օմիկրոն» տեսակի շտամ չի հայտնաբերվել։
«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանում հնարավո՞ր է պարզել՝ անձը վարակվա՞ծ է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով, թե՞ ոչ:
Կորոնավիրուսի շտամի տեսակը հայտնաբերվում է միայն սեկվենավորմամբ, որը ԴՆԹ-ի կամ սպիտակուցների մոլեկուլներում նուկլեոտիդային կամ ամինաթթվային հաջորդականությունների պարզումն է։
«Քանի որ թե՛ «դելտայի», թե ՛«օմիկրոնի», թե՛ «բրիտանական» շտամների բուժումը նույն է, ապա յուրաքանչյուր հիվանդի անալիզը չի սեկվենավորվում, այլ վերցվում են կամայական՝ ասենք 10-ը քաղաքացու թեստավորման արդյունքները՝ հասկանալու՝ Հայաստանում շրջանառվո՞ւմ է այս շտամը, թե ոչ»,- ասաց Խաչատրյանը։
Ինչպես օրեր առաջ հայտնել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու դեպքեր են գրանցվել աշխարհի շուրջ 57 երկրներում:
Բազմաթիվ երկրներ «օմիկրոն» շտամի ներթափանցումը կանխելու նպատակով խստացրել են հակահամաճարակային կոնոները, իսկ Հայաստանը սահմանափակել է աֆրիկյան մի շարք երկրներից մուտքը դեպի Հանրապետություն: