Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Երևանում բացվեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը

 «Երևան» ցուցահանդեսային կենտրոնում նոյեմբերի 24-ին աշխատանքը սկսեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրներ  Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղստանը, Ղազախստանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող գործարար հանրության շուրջ 200 ներկայացուցիչ։ Տաղավարներում ներկայացված են ամենատարբեր ոլորտներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, էներգետիկա, ջրային տնտեսություն, նավթաքիմիա, պոլիմերային արտադրանք, մետաղաձուլություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, առողջապահություն, կենցաղային տեխնիկա, տրանսպորտ, բեռնափոխադրումներ, առևտուր, գիտություն և նոր տեխնոլոգիաներ։

Ցուցահանդեսի կազմակերպիչներից իրանական «Փաոս Պեգաս Թեժարաթ» ընկերության տնօրեն Հասան Մորթաջին նշեց, որ Իրանն առաջին անգամ է այս ձևաչափով գործակցում Եվրասիական երկրների հետ։ Նա հույս հայտնեց, որ ցուցահանդեսն իր նպաստը կունենա հետագա համատեղ բազմաթիվ ծրագրերի իրականացմանը։

«Եվրասիա 2021»-ի կազմակերպանն աջակից Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու մասնակիցներին՝  կարևորեց ցուցահանդեսի դերը ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաև Իրանի գործարարների համատեղ նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման գործում։ ՀԱԳՄ փոխնախագահը հույս հայտնեց, որ ցուցահանդեսի շրջանակներում կայացած հանդիպումներում կծնվեն խոստումնալից մտահղացումներ, համատեղ ծրագրեր իրականացնելու գործնական քայլեր։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին երևանյան ցուցահանդեսը և համանման շփումները կարևոր գործոն համարեց Իրան-Հայաստան-ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանը մեծ ներուժ ունի և լուրջ դեր կարող է խաղալ Իրան-Եվրասիա հարաբերություններում։ 

«Հայաստանի գործընկերների միջոցով լայն հնարավորություն կա ակտիվացնելու արտահանումն իրանական մեծ շուկա և հակառակը»,-նշեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն։ Նա կարևորեց իրանական կողմի ինտեգրման հետագա  խորցումը ԵԱՏՄ շրջանակներում՝ ընդգծելով երկկողմ շահագրգռվածությունն ու հետաքրքությունները։

Տեսակապի միջոցով ցուցահանդեսի մասնակիցներին հեռավար ողջունեց և ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնեց Ղրղզստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ, ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության անդամ Դանիել Իբրաեվը։ 

Ցուցահանդեսի շրջանակներում նոյեմբերի 25-ին տեղի կունենա Եվրասիական գործարար համաժողով, նախատեսված են երկկողմ շփումներ։ 

«Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսն աշխատանքը կավարտվի նոյեմբերի 27-ին։