Դունյա Միյատովիչը պարզաբանում է պահանջում գլխավոր դատախազից
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը պարզաբանում է պահանջում գլխավոր դատախազից իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հարուցված քրեական գործով։
Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ-ի քննիչի կողմից, որը Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակել է որպես ազգային թշնամանքի հարուցում։
Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։
Ի դեպ, 2021 թ․ նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 23/1) տեղի կունենա եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։
Հանձնակատարի նամակը Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին
Հարգելի Գլխավոր դատախազ, Որպես Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար՝ իմ մանդատն է խթանել մարդու իրավունքների հանդեպ հարգանքը Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 47 երկրներում։
Մասնավորապես՝ մանդատիս շրջանակում իմ առանցքային կարևորություն ունեն իրավապաշտպանների աջակցությունն ու պաշտպանությունը, ինչպես նաև նրանց գործունեության համար նպաստավոր միջավայրի ստեղծումը։
Այս նպատակով ես երկխոսություն եմ ծավալում անդամ պետությունների իշխանությունների հետ՝ բարձրացնելու իրավապաշտպանների աշխատանքային միջավայրին առնչվող խնդիրները և տրամադրելու խորհուրդներ ու առաջարկություններ՝ իրենց պարտավորությունների կատարման մասով։
Այս առումով, Ձեզ եմ դիմում՝ անդրադառնալու Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ինձ տեղեկացրել են, որ վերջինիս դեմ հարուցվել է քրեական գործ։ Հաղորդվել է նաև, որ պարոն Սուլթանյանին մեղադրանք է առաջադրված թշնամանք հարուցելու համար՝ կապված 2020թ․-ին Հայաստանում եզդիների փոքրամասնության իրավունքների վիճակի մասին իր կողմից բարձրաձայնած մտահոգությունների հետ։ Հատկանշական է, որ մի շարք միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Իրավապաշտպանների վիճակի հարցերով, ինչպես նաև Փոքրամասնությունների հարցերով և Խոսքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները, դատապարտել են պարոն Սուլթանյանի դեմ քրեական հետապնդումը։
Նրանք իրենց լուրջ մտահոգություններն են արտահայտել, ի թիվս այլնի, առ այն, որ լեգիտիմ խոսքը սխալ մեկնաբանվել է որպես թշնամանքի հարուցում, և այն, որ այս հիմքով հարուցված քրեական գործերը «սառեցնող ազդեցություն» ունեն իրավապաշտպանների և փոքրամասնությունների իրավունքները պաշտպանողների վրա և խարխլում են նրանց կողմից կատարվող կարևոր աշխատանքը։
Նրանք բոլորը կոչ են արել դադարեցնել պարոն Սուլթանյանի դեմ քրեական մեղադրանքները։ Ավելին՝ տարբեր հանրային հաղորդակցություններով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ևս իր մտահոգությունն է հայտնել այս գործի հետ կապված։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել այնպիսի միջավայր, որը նպաստավոր կլինի իրավապաշտպանների գործունեության համար և թույլ կտա անհատներին, խմբերին և ասոցիացիաներին ազատորեն ծավալել իրենց գործունեությունը, ինչպես նաև խթանել և ձգտել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը՝ առանց սահմանափակումների։
Կարևոր է նշել, որ սա ներառում է մարդու իրավունքներին առնչվող մտահոգություններ բարձրաձայնելիս իրավապաշտպանների խոսքի ազատության երաշխավորումը, որը պաշտպանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ Հոդվածով։ Սա էլ ավելի կարևոր է, երբ նման լեգիտիմ խոսքը անդրադառնում է փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքին և միտված է պաշտպանել և խթանել նրանց իրավունքները։ Այս համատեքստում, երախտապարտ կլինեմ, եթե հետագա տեղեկություններ տրամադրեք պարոն Սուլթանյանի դեմ հարուցված քրեական վարույթի վերաբերյալ և պարզաբանեք, թե ինչ կապ կա իր դեմ առաջադրված մեղադրանքների և իր իրավապաշտպան աշխատանքի մեջ՝ միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հնչեցված պնդումների լույսի ներքո, ինչպես արդեն նշվել է։
Մանդատիս շրջանակում պատրաստ եմ աջակցություն տրամադրել՝ խթանելու մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող՝ Եվրոպայի խորհրդի չափանիշների արդյունավետ իրականացումը, և ուրախ կլինեմ Ձեզ հետ կառուցողական երկխոսություն ծավալել։
Հարգանքով՝ Դունյա Միյատովիչ