Վահան Բադասյանը իրեն մեղավոր չի ճանաչում․ պնդում է՝ սադրել են Փաշինյանի վերաբերյալ հայտարարություն անելիս
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի գործով դատական նիստը։
Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ մեղադրվող Վահան Բադասյանը նշեց, որ մեղադրանքի էությունը իրեն հասկանալի չէ եւ այն չի ընդունում։
Հիշեցնենք, որ Վահան Բադասյանն այս տարվա հունվարի 28–ին բերման էր ենթարկվել ԱԱԾ՝ Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ: Նա հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։
Վահան Բադասյանը, որը ներկայումս Արցախի Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչն է, ասաց, որ դա հարցազրույց չի եղել, այլ' սադրանք: Այդ ժամանակ ինքը եղել է ապաքինման փուլում եւ հուզական վիճակում։ Վահան Բադասյանը ծանր վիրավորվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ։
Նա պահանջեց գտնել լրագրողներին եւ բերել հարցաքննության։
Պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, թե գործի փաստական հանգամանքները եւ մեղադրանքը չեն համապատասխանում իրար։
«Եթե Նիկոլ Փաշինյանին նույնականացնում են ՀՀ սահմանադրական կարգի եւ իշխանության հետ, այդ դեպքում գուցե ճիշտ է»,- ասում է Արայիկ Պապիկյանը։
Դատարանն այսօր սահմանեց ապացույցների հետազոտման կարգը։
Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը կալանավորվել էր հունվարի 29-ին, իսկ փետրվարի 10-ին դատախազը որոշել էր փոխել նրա խափանման միջոցը` կալանքը։ Ի դեպ, ղատախազ Երեմյանը այսօրվա դատական նիստի տեսանկարահանումը նպատակահարմար չհամարեց, դատավոր Կարեն Ֆարխոյանն էլ արգելեց։