Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բևեռն ակնկալում է Բայդենի աջակցությունը Մոսկվայի դեմ պայքարում․ նամակ ԱՄՆ նախագահին (տեսանյութ)

Ազգային-ժողովրդավարական բևեռը՝  ի դեմս Արա Պապյանի, հայտարարել է, որ նամակ են հղել ԱՄՆ նախա գահ Ջո Բայդենին։ Նամակում, մասնավորապես, ասվում է․

 

 Ձերդ Գերազանցություն

Այսօր՝ 2021 թ․ նոյեմբերի 22-ին, երբ պետք է միասնաբար ու տոնականորեն նշեինք Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 101-րդ տարեդարձը, ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը մեկդարյա անցումից հետո վերստին կանգնած է լինել-չլինելու մարտահրավերին դեմ հանդիման։ Հայոց պետականությունն ու հայկական գործոնն անհամատեղելի են Ռուսական կայսրության ծավալապաշտական ու շովինիստական հայեցակարգի հետ, ուստի նա շարունակում է ըստ իր տխրահռչակ Պուտին-լավրովյան պլանի սանձազերծված 44-օրյա պատերազմով սկսված՝ Հայաստանի Հանրապետության անօտարելի տիտղոսի ներքո գտնվող տարածքների զավթման։

Ռուս-թուրք-ադրբեջանական սերտ գործակցությամբ և գլխավորապես Ադրբեջանի անմիջական կատարմամբ իրականացվող այս գործընթացը, որ ներկայումս հասել է Հայաստանի գոյության համար որոշիչ նշանակություն ունեցող Սյունիքին, կասեցնող և հակազդող գործողությունների բացակայության պայմաններում կանգ չի առնելու և հանգեցնելու է Հայաստանի Հանրապետության ամբողջական լուծարման ու զավթման։ Ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի այս ծրագրի անխոչընդոտ կերպով իրագործելու համար մեր երկրում արդյունավետ վերահսկողության աստիճանի ազդեցություն ունեցող Ռուսաստանը Հայաստանի քաղաքական դաշտը զավթել է իր դրածո կամ ենթակա ուժերով, որոնց անմրցակցելի հսկայական աջակցություն է ցուցաբերում պետական, օլիգարխիական, ֆինանսական և մեդիական ռեսուրսներով։

Նման ծանր և անելանելի թվացող իրավիճակում միայն արևմտամետ և ժողովրդավարական Ազգային-ժողովրդավարական Բևեռ քաղաքական դաշինքն է ակտիվ ու իրական պայքար մղում թե Հայաստանի Հանրապետությունը լուծարելու այս ծրագրի դեմ, թե հետխորհրդային շրջանում ստեղծված պետական կառավարման ավտորիտար, քրեաօլիգարխիկ ու կոռուպցիոն համակարգը փոխելու և իրապես ժողովրդավարական դարձնելու համար։

Բևեռը միակն է, որ կարողացել է գետնի վրա ձևավորել ավելի քան երկու հարյուր տարվա արտաքին քաղաքական կուրսը արմատապես՝ Ռուսաստանից դեպի Արևմուտք փոխելու և ԱՄՆ Ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգավիճակն արտաքին ռազմավարության առանցքում դնելու կենսունակ ու կայուն կերպով հզորացող օրակարգ, որի հետ Մոսկվան և նրա հայաստանյան խամաճիկներն այլևս ստիպված են հաշվի նստել։ Միայն այն հանգամանքը, որ Բևեռը վերջին հարյուր տարվա մեջ առաջին անգամ ոչ միայն կարողացավ մայրաքաղաքի հրապարակներ ու փողոցներ դուրս բերել ԱՄՆ-ի և Հայաստանի մյուս բնական դաշնակիցների դրոշները, այլև դրանք ընդունելի դարձրեց մեծամասնության համար, արդեն բավարար է հայ հասարակության մեջ տեղի ունեցող դարակազմիկ տեղաշարժը վկայելու համար։

Չնայած այս ամենին` ուժերն անհավասար են և միայնակ կերպով Հայաստանը չի կարող դիմակայել արտաքին թշնամիներին, իսկ Բևեռը՝ պայքարել Մոսկվայի և նրան ծառայող Երևանյան ռեժիմի ու կեղծ ընդդիմության դեմ։ Ազգային-ժողովրդավարական բևեռը, շնորհակալությամբ ու երախտագիտությամբ վերհիշելով ԱՄՆ-ի համակարգաստեղծ դերը հայոց իրավատիրության և պետականակերտման հարցում, նրա անուրանալի մարդասիրական օժանդակությունը Ցեղասպանությանը հաջորդած վերապրումի ժամանակաշրջանում, ակնկալում է, որ ԱՄՆ-ն շատ ավելի ակտիվ ու լայնածավալ կերպով կշարունակի աջակցությունը Հայաստանի և հայ ժողովրդի ինքնիշխան ու ժողովրդավարական ապագային, ինչպես նաև Մինսկի խմբի ձևաչափով Հայաստանի դեօկուպացիայի համատեքստում Արցախի հարցի արդարացի լուծման գործին։