Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 21-ը նոյեմբերի․ Պատգամավորներին ստիպում են հանձնել զենքերը (տեսանյութ)

1993-ի նոյեմբերի 22-ից Հայաստանում շրջանառության մեջ է մտնում սեփական դրամը։ Առավոտից քաղաքացիները գրոհում են փոստային ծառայությունները, որտեղ խորհրդային ռուբլին փոխում են հայկական դրամով, փողը փոխելու համար կառավարությունը քաղաքացիներին տվել է 5 օր։ Յուրաքանչյուրն իր փողը կարող է փոխել միայն մեկ անգամ։ Փոխելուց հետո քաղաքացու անձնագրում դրվում է հատուկ կնիք։ Մեկ դրամի փոխարկելի արժեքը 200 խորհրդային ռուբլի է, առավելագույն փոխարկելին 50 հազար ռուբլի է, որը հավասար է 250 դրամի։ Փոխանակումից առաջ վերջնականապես դատարկվում են մթերային խանութները եւ նույնիսկ Փակ շուկան։

1997-ի դեկտեմբերի 2-ին լրանում է մարշալ Բաղրամյանի 100 տարին։ Նոյեմբերի 20-ին Հայաստանն այդ առիթով արդեն հյուրեր է ընդունում։ Հոբելյանական հանձնաժողովը ղեկավարում է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Հյուրերի մեծ մասը մարշալի հետ կապված հիշողություններ ունի։

1998-ի այս օրը Ազգային Ժողովի փոխնախագահ Ալբերտ Բազեյանը դեմ է Արմեն Դարբինյանի ղեկավարած կառավարության փոփոխությանը։ Նա տեղեկացնում է, որ 8 ամիս առաջ տեղի ունեցած նախագահի ընտրություններից հետո Քոչարյանին սատարած ուժերից ոչ մեկը չհամարձակվեց իր վրա վերցնել կառավարություն ձեւավորելու պատասխանատվությունը։ Ահա ինչու կառավարությունը ձեւավորեց անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Ղարաբաղին դուրս թողեց բանակցային գործընթացից։ Երկրապահ կամավորականների միության ներխուժումը քաղաքական դաշտ 1998-ի այս օրերի հիմնական թեման է ։ Պաշտպանության նախարար, Երկրապահի ղեկավար Վազգեն Սարգսյանը հասկացնում է, որ անխուսափելի էր այդ ռազմական կառույցի մուտքը քաղաքականություն։

1998-ի նոյեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում իր տուն մտնելիս սպանվում է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարավոյտովան ։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը նրան ճանաչում էր Ղարաբաղյան շարժման օրերից։ Մանուչարյանը զուգահեռներ է տեսնում Ստարավոյտովայի եւ «Ղարաբաղ» կոմիտեի մեկ այլ անդամ Համբարձում Գալստյանի սպանությունների միջեւ։ 1999-ի նոյեմբերի 20-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվում է նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար եւ ընդգրկվում Ազգային անվտանգության խորհրդի կազմի մեջ։

Նույն օրը անսպասելիորեն աշխատանքից ազատվում է «Արմենիա» հյուրանոցի միանգամից 168 աշխատակից ։ Մարդիկ եկել են աշխատանքի եւ հենց մուտքի մոտ փակցված ցուցակից տեղեկացել, որ այլեւս չեն աշխատում։ Կատարվածի համար նրանք պատասխան են պահանջում հենց հյուրանոցի ղեկավարից։

Նույն օրը սեփականաշնորհման նախարարի քարտուղարուհու մոտ հնչած զանգը տեղեկացնում է, որ շենքում ռումբ կա։ Ներքին գործերի նախարարության «Ալֆա» ստորաբաժանումը որոշ ժամանակ հետո մտնում է շենք։ Էվակուացվում են բոլորը, բացի նախարարներ Դավիթ Զադոյանից եւ Պավել Ղալթախչյանից։ Մեկ ժամ հետո պարզ է դառնում, որ շենքում ռումբ չկա։ Ներքին գործերի փոխնախարար Հովհաննես Վարյանն ասում է, որ դժվար թե կարողանան հայտնաբերել կեղծ զանգի հեղինակին։

2000 թվականի նորյեմբերի 20-ին Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարը հայտարարում է, որ 2001-ին Հայաստանի քաղաքացիներն իրենց մաշկի վրա կզգան տնտեսության զարգացումը ։ «Մյուս տարի միլիոնավոր դոլարների ներդրումներ են արվելու»,-վստահեցնում է Վահե Գաբրիելյանը։ Վերջինս սակայն տեղեկացված չէր, թե նոյեմբերի 30-ին առանձնազրույց կունենա՞ն Քոչարյանն ու Ալիեւը Մինսկում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Նույն օրը միմյանց հետ միայն համակարգչով շփված հայ երիտասարդների մի խումբ Երեւանի այգիներից մեկում միմյանց աչքերի մեջ նայելով փորձում են հասկանալ, թե շփման ո՞ր տարբերակն է լավը՝ վիրտուա՞լը, թե անմիջականը։ Ազգային ժողովի պատգամավորները 2000-ի այս օրը մինչեւ հոգու խորքը վիրավորված են՝ անցագրային կետում նրանց ստիպում են հանձնել զենքերը, ո՞վ է տեսել նման բան։ Անվտանգության ծառայութունն ավելի հեռու է գնում՝ ստուգում է պատգամավորների գրպանները՝ սա անպատվություն է։ Վահան Հովհաննիսյանը հակադարձում է՝ հոկտեմբերի 27-ին ձեր մոտ զենք կար, բայց դա գործին չօգնեց։

2001-ի նոյեմբերի 20-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անձամբ է «Որակ-2001» մրցանակը հանձնում սննսի արյունաբերությամբ զբաղվող մի քանի ընկերության։ Վարչապետն անձամբ է երաշխավորում այդ ընկերությունների արտադրության որակը։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մի քիչ այլ կարծիքի է։

2007-ի այս օրը հայտնի է դառնում, որ 2008-ի նախագահական ընտրություններում հանրապետականի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կղեկավարի Հայաստանի փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Վարչական դատարանի 2009-ի նոյեմբերի 20-ի որոշմամբ ամբաստանյալ Նիկոլ Փաշինյանը կարող է մասնակցել 2010-ի հունվարի 10-ի խորհրդարանի մեծամասնական ընտրություններին։ Նրան կտրվի տեղեկանք, որ վերջին հինգ տարին, ներառյալ հետախուզման մեկ տարին, նա ապրել է Հայաստանում։ Ոստիկանության բարձրաստիճան սպա Հովհաննես Թամամյանն այդ կարծիքին չէ՝ Փաշինյանն այդ ընթացքում ապօրինի հատել է Հայաստանի սահմանը