Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը փակվեց․ հայտնի է «FestOFF»-ի հաղթողի անունը 

Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում նոյեմբերի 20-ին «Ալմետ»-ի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումով (բեմադրիչ՝ Կարո Բալյան) փակվեց Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը:

Բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության դիպլոմներ: Փակման հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվեց նաեւ «FestOFF» ծրագիրը, որը նախատեսված էր ուսանողների եւ անկախ թատերախմբերի համար, որոնք Հայաստանից եւ արտերկրից են:

Հաղթող ճանաչվեց Մարիամ Հարությունյանը՝ «Շեքսպիրյան Տրիլոգիա» բեմադրությամբ։ Այս բեմադրությունը անգլիացի դրամատուրգի ստեղծագործությունների վառ հերոսուհիների՝ Ջուլիետի, Դեզդեմոնայի, Լեդի Մակբեթի սիրո եւ դրանց խոցելի կողմերի մասին է: Հաղթողին Երեւանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը նվիրեց շեքսպիրյան թեմատիկայով նոր ներկայացման ամբողջական ֆինանսավորում:

Ծրագրի ժյուրիի նախագահը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էր, ժյուրիի անդամները՝ թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանը, Հասմիկ Սեյմորը, Գայանե Թադևոսյանը, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը:

 

 Երեւանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 15-ին՝ Կիեւի ազգային ակադեմիական երիտասարդական թատրոնի «Ամառային գիշերվա երազը» ներկայացմամբ։ Փառատոնը հյուրընկալեց 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի եւ հյուրի, որոնց թվում հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Երեւանյան տարբեր բեմահարթակներում ցուցադրվեց շուրջ 15 ներկայացում:

Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնի կայացմանը գործում ձեռք մեկնեցին անհատներ, այդ թվում Հայկ Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը եւ այլք: Փառատոնի հեդլայներներն էին «Թատրոն Կամրջի մոտ» («Театр у моста»)՝ «Մակբեթ» (ՌԴ, բեմադրիչ՝ Սերգեյ Ֆեդոտով) եւ Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները։

Փառատոնի օրերին անցկացվեցին վարպետաց դասեր, որոնք վարեցին ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), «Կնեբել» թատրոնի եւ «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Միշինը (ՌԴ) եւ դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա): Երեւանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: 2016թ-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: