Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մարիա Կարապետյանն անգլերենով դիմեց միջազգային հանրությանը (տեսանյութ)

Պատգամավոր Մարիա Կարապետյանը անգլերենով դիմեց միջազգային հանրությանը։ Ելույթը ստորեւ՝
 
Պետությունների եւ խորհրդարանների, արտաքին գործերի նախարարությունների եւ հանձնաժողովների հարգարժան ղեկավարներ, խաղաղության եւ անվտանգության մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների հարգելի ղեկավարներ,
 
Արդեն մեկ տարի է, ինչ ավարտվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմը։ Այլ կերպ ասած՝ ավարտվել է լայնածավալ ռազմական առաջխաղացումը Լեռնային Ղարաբաղի եւ տեղի հայ բնակչության դեմ, այնինչ Ադրբեջանը սկսել է մեկ այլ տեսակի պատերազմ՝ այս անգամ դանդաղ ներխուժելով Հայաստանի Հանրապետության տարածք եւ խախտելով Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը:
Ադրբեջանական բանակն այս տարվա մայիսին մի քանի հատվածներից ներթափանցել է Հայաստանի Հանրապետության տարածք եւ շարունակում է մնալ մեր ինքնիշխան տարածքում՝ պարբերաբար փորձելով առաջ շարժվել՝ կրակ բացելով եւ մարտեր հրահրելով։
 
Մարտեր են ընթանում հենց այս պահին` իմ խոսքի ընթացքում։
 
Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ խոսքը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի մասին է: Այն որեւէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ եւ աշխարհագրորեն հեռու է Լեռնային Ղարաբաղի ներկայիս շփման գծից։
Քանի որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի պատշաճ սահմանազատում տեղի չի ունեցել, Ադրբեջանը դա օգտագործում է որպես պատրվակ՝ ներկայացնելու կեղծ հայելային մեղադրանքներ, թե իբր Հայաստանն է հրահրում մարտերը։ Այնուամենայնիվ, Հայաստանը չի կարող լինել այս «սողացող» պատերազմի նախաձեռնողը իր իսկ սահմանների ներսում, քանի որ մենք դրա շարժառիթը չունենք։
 
Ընդհակառակը, Հայաստանը բազմիցս հայտարարել է այս իրավիճակի կարգավորման իր տեսլականի մասին։ Մենք առաջարկում ենք, որ եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական զինված ուժերը հեռանան Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանից՝ տարածք տալով սահմանազատման գործընթաց սկսելու համար։
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություններ է տարածել, որոնցում կոչ է անում, մեջբերում եմ` «զորքերը տեղափոխել, դեէսկալացնել իրավիճակը եւ սկսել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները խաղաղ ճանապարհով»:
 
Մենք պատրաստ ենք կատարել մեր ստանձնած պարտավորությունները եւ առաջ շարժվել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած ճանապարհով` այս իրավիճակը կարգավորելու համար։ Այնուամենայնիվ, մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, պատշաճ ճնշումը Ադրբեջանի վրա` վերջինիս կառուցողական դաշտ բերելու, իր զորքերը հեռացնելու եւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման խաղաղ գործընթացում ներգրավվելու համար։