Հողերը տրվեցին, որպեսզի ինչ-որ ժամանակ Գորիս-Կապան ճանապարհով երթևեկենք․ Հ․Խուրշուդյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չէր նախատեսվում, որ հայկական զորքերը պետք է ետ քաշվեն այն հատվածներից, որոնք այդ պահին զբաղեցնում էին։ Բայց, երբ դեկտեմբերին ետ քաշվեցին, արտահոսք եղավ, որ կա պայմանավորվածություն, ըստ որի հայկական զորքերը քաշվում են մինչև GPS-ով սահմանները։ Եվ Ադրբեջանը դրա դիմաց խոստացավ չխոչընդոտել Հայաստանին օգտագործելու այդ ճանապարհը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ազատ Քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հարցին։
Մի քանի շաբաթ առաջ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատախանելով պատգամավորներից մեկի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ինքն է հրաման տվել, որ հայկական զորքերը զբաղեցրած դիրքերից նահանջեն դեպի Սյունիք։
«Այդ որոշումը կայացվել է ստրատեգիական նշանակության ճանապարհը առնվազն ինչ-որ ժամանակ չկորցնելու նպատակով»,- հայտարարել էր վարչապետը։
Արդյո՞ք վարչապետը հենց Գորիս-Կապան ճանապարհը նկատի ուներ։
«Տրվեց, որ ինչ-որ ժամանակ այդ ճանապարհով երթևեկենք»,- հաստատեց Հ․Խուրշուդյանը։
Վերջինս նաև հավելեց, թե 2024թ․ Ռուսաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, և այդ պատճառով խառը իրավիճակ է լինելու, քանի որ պետք է որոշվի, թե Վլադիմիր Պուտինից հետո ով է ղեկավարելու երկիրը։ Հ․Խուրշուդյանի ներկայացմամբ ՌԴ-ն այդ ժամանակ բավականին թուլացած է լինելու և զբաղված է լինելու իր ներքին խնդիրներով։ Ու չի բացառվում, որ դրանից օգտվելով՝ Ադրբեջանը ՌԴ-ից պահանջի զորքերը դուրս հանել Արցախից։
«Այդ ժամանակ ինչպե՞ս ենք դիմակայելու Ադրբեջանին, եթե Ադրբեջանը ՌԴ-ից պահանջի դուրս գալ։ Եվ ինչպես ենք հասցնելու լուծել Արցախ խաղաղապահ ուժեր մտցնելու հարցը»,- հարցնում է Հ․Խուրշուդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։