Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-50 tari
A A
Սպորտ

Երևանի «Արարատը» 50 տարի առաջ նվաճել է իր առաջին մեծ մրցանակը 

Ուղիղ 50 տարի առաջ այս օրը` 1971 թվականի նոյեմբերի 8-ին, գրվեց հայակական ֆուտբոլի պատմության փառահեղ էջերից մեկը:

Երևանի «Արարատը», որը հանդես էր գալիս ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնությունում, մրցաշրջանի վերջին խաղում սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին» և վաստակեց 37 միավոր: Դրանից հետո պարզվեց, որ մեր թիմն անհասանելի է դարձել 3-րդ հորիզոնականում ընթացող Թբիլիսիի «Դինամոյի» համար և իր պատմության մեջ առաջին անգամ գրավել է մրցանակային 2-րդ տեղը:

Մրցաշրջանի վերջին խաղում «Արարատը» հանդես է եկել առանց փոխարինման. Ալյոշա Աբրահամյան, Լևոն Հովսեփյան, Ֆուրման Աբրահամյան, Ալեքսանդր Կովալենկո, Նորիկ Մեսրոպյան, Արկադի Անդրիասյան, Սերգեյ Բոնդարենկո, Լևոն Իշտոյան, Էդուարդ Մարգարով, Հովհաննես Զանազանյան, Նիկոլայ Ղազարայան: Հենց այս ֆուտբոլիստները կերտեցին Երևանի «Արարատի» առաջին մեծ հաջողությունը: Երկու տարի անց, համարյա նույն կազմով (բացակայում էին ավտովթարից մահացած Ֆ.Աբրահամյանն ու կարիերան ավարտած Լ.Հովսեփյանը), «Արարատը» դառնում է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր:

Իսկ մինչ այդ նշենք, որ «Արարատի» վերելքին մեծապես նպաստեց Երևանի նորակառուց «Հրազդան» կենտրոնական ստադիոնը, որի 75 հազար լեփ-լեցուն տրիբունաները թևեր էին տալիս արարատցիներին, իսկ մրցակիցներին ճնշում էին հոգեբանորեն: Զարմանալի չէ, որ արարատցիները նոր խաղադաշտում անցկացրած 10 խաղում տարել են 8 հաղթանակ:

Սակայն, «Արարատն» այդ տարի տպավորիչ հաղթանակներ է տարել նաև մրցակիցների հարկի տակ: Օրինակ, Թբիլիսիում տեղի «Դինամոյի» նկատմամբ, 4:0 խոշոր հաշվով: Ինչպես հիշում են տարեց ֆուտբոլասերները, այդ խաղից հետո տեղի վայ երկրպագուները ջարդել էին Հայաստանի ժամանանած հայկական համարով բոլոր  ավտոմեքենաների դիմապակիները: 

Ինչևէ, հաջորդ խաղում արարատցիները դեռևս «Հանրապետական» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթել են Բաքվի «Նևթչիին» և առաջին անգամ բարձրացել 2-րդ հորիզոնական: Դրանից հետո նրանք այդ տեղը չեն զիջել ոչ մեկին: 

Իսկ ԽՍՀՄ չեմպիոն դարձել է Կիևի «Դինամոն», որը պարզապես մրցակցությունից դուրս էր այդ տարի: Ուկրաինական թիմն արդեն 26-րդ տուրից հետո անհասանելի էր դարձել «Արարատի» համար: