Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba federacia
A A
Սպորտ

Արսեն Ջուլֆալակյանը կզբաղվի համաշխարհային ըմբշամարտի խնդիրներով

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը վերջերս ընտրվել էր Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մարզիկների հանձնաժողովի անդամ, ապա դարձել նույն հանձնաժողովի նախագահը։

 Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, նա այս օրերին մասնակցում է UWW-ի տարեկան ամփոփիչ համաժողովին։ Արսեն Ջուլֆալակյանը ֆեդերացիայի մամուլի ծառայությանը մանրամասնել է զբաղեցրած իր պաշտոնի գործառույթները, ինչպես նաև պատմել, թե ինչ հարցեր են քննարկվել այս համաժողովում։

«Տարեկան գլխավոր կոնգրեսն էր: Վերընտրվեց UWW-ի գործող նախագահ Նենադ Լալովիչը։ Նա միակ թեկնածուն էր։ Կպաշտոնավարի մինչև 2025 թ-ը։ Առաջնայիններից էր Բյուրոյի նոր անդաների ընտրությունը։ Նախկին 3-ը պարտվեցին և Բյուրոյի կազմ մտավ 3 նոր մարդ։ 

Հաջորդ կարևոր հարցը բյուջեի քննարկումն ու հաստատումն էր։ Կանոնակարգի մեջ մի քանի կետ փոփոխվեց։ Հաստատվեց ըմբշամարտի զարգացման քառամյա ծրագիրը։

Հիմա ներկայացնեմ UWW-ի կառուցվածքը և իմ գործառույթները: Բյուրոն բաղկացած է 21 անդամից՝ նախագահ, գլխավոր քարտուղար և 3 փոխնախագահ, 12 հանձնաժողովների նախագահներ, 4-ը մայրցամաքային ֆեդերացիաների նախագահներ։ Այստեղ բոլորն ունեն ձայնի հավասարազոր իրավունք։

Կա 12 հանձնաժողով, որից մեկը մարզիկների հանձնաժողովն է։ Ընտրությունը կատարվում է 4 տարին մեկ անգամ։ Ինչպես են կատարում այս հանձնաժողովի անդամների ընտրությունը։ 

Մարզիկները, որոնք ցանկանում են դառնալ հանձնաժողովի անդամ, դնում են իրենց թեկնածությունը։ Աշխարի առաջնության ժամանակ մարզիկներին տալիս են թեկնածուների անունները, նրանք էլ ընտրում են։ Ձևավորվում է 7 անդամից բաղկացած հանձնաժողով, որտեղ անդամները քվեարկում և ընտրում են հանձնաժողովի նախագահին, որը ինքնաբերաբար դառնում է նաև բյուրոյի անդամ։

Մեր հանձնաժողովը մարզիկների ձայնն է Բյուրոյում։ Ասպեկտները լայն են՝ ըմբշամարտում օրենքների փոփոխության առաջարկից մինչև մարզահագուստ, մրցումների ընտրության վայր, սնունդ, տեղափոխություն, ընդհանուր հավաքների կազմակերպում, մարզիկների դժգոհություններ, դասընթացներ՝ կրթական, հոգեբանական և այլն։ Բացի դրանից, Լալովիչի առաջարկով, ընդգրկվել եմ նաև զարգացման և տեխնիկական հանձնաժողովներում, որպես դիտորդ։ Ձայնի իրավունք չունեմ, բայց կարծիք հայտնել և առաջարկներ անել կարող եմ»,- Ասել է աշխարհի նախկին չեմպիոնը։