Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 5-ը նոյեմբերի․ Ովքեր են բողոքում էշե՞րը, թե՞ այծերը (տեսանյութ)

Պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները 1997-ի նոյեմբերի 5-ին իշխանություններից պահանջում են Ազգային Հեռուստաընկերությամբ վերականգնել բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալեւայի «Իմ սիրելի ողջեր եւ մեռածներ» հաղորդումը։ Վերջին հաղորդման հերոսները ձերբակալված դաշնակցականները Վահան Հովհաննիսյանն ու Հրանտ Մարգարյանն էին։ Արհմիության նախագահ Վազգեն Խաչիկյանն ասում է, որ երբ փակեցին դաշնակցական մամուլը, ոչ մեկը ոտքի չկանգնեց, վաղը մեզ էլ կփակեն եւ մեր կողքին ոչ ոք չի կանգնի։

1998-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանի նախագահության 200-րդ օրն է։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մեկամսյա ուսումնասիրություններից հետո այդ մարդու գործունեությունը գնահատում է 2,5 բալ։ Մարդկանց դուր չի գալիս Քոչարյանի վարվելակերպն ու արտահայտությունները։ Միաժամանակ այս օրերին ամենաազդեցիկ քաղաքական գործիչ է գնահատվում Վազգեն Սարգսյանը, իսկ քաղաքական ուժը Դաշնակցությունն է։

Նույն օրը Էջմիածնի շրջանի Լեռնամերձ գյուղում Հայկոմկուսի որոշմամբ տեղադրվում է Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի արձանը։ Հուշարձանը կանգնեցվել է տրակտոր չունեցող գյուղի բնակիչների հավաքած գումարով։ «Եթե Լենինը լինի, տրակտորն էլ կլինի»,-եզրակացրել է միայն կոմունիզմի ուրվականին հավատացող ժողովուրդը։

Նույն օրը «Օրագիր» թերթի խմբագրությունում լրագրողներին է հանդիպում ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը։ Նա կոնկրետացնում է, թե ինչու Հայաստանում ձախողվեց սեփականաշնորհման քաղաքականությունը, որում ինքն ու Բաբկեն Արարքցյանը մի կարծիքի էին, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Հրանտ Բագրատյանը կողմնակից էին սեփականաշնորհումը դարձնել նվիրատվություն։

1999-ի նոյեմբերի 5-ին Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին սպանված 5 պատգամավորների մանդատները տրամադրում է «Միասնություն» դաշինքի ցուցակի հաջորդ թեկնածուներին։ Մանդատներն անուն առ անուն հանձնեց ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը։ Ոչ մի հանդիսավորություն, նոր պատգամավորներն ուրախ չեն։ Նույն օրը նորանշանակ վարչապետ Արամ Սարգսյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանին ճանապարհում է Մոսկվա։ Այցը ծրագրված էր մինչեւ հոկտեմբերի 27-ի իրադարձությունները, սակայն ղարաբաղյան թեմային կավելանա նաեւ ողբերգական դեպքերի քննարկումը։

2000 թվականի նոյեմբերի 5-ին կրթաթոշակների համար փողոցային բողոքի են դուրս գալիս Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ուսանողները։ Ուսանողներին չեն վճարել 5 ամսվա թոշակ։ Բուհի ղեկավարությունը կայացնում է սողոմոնյան որոշում՝ վճարել վճարովի ուսանողների հաշվին։ Նույն օրը Ազգային Ժողովի ընդունարանը գրավել են հսկիչ դրամարկղերի հակառակորդները։ Ազգային Ժողովը հոկտեմբերի 25-ին պետք է նիստ աներ եւ քննարկեր ՀԴՄ-ները կամավորության սկզբունքով ներդնելու մասին օրենքի նախագիծը։

2001-ի նոյեմբերի 5-ին Բաքու եւ Ստեփանակերտ կատարած այցից հետո Հայաստան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նրանք տարածաշրջան են ժամանել ղարաբաղյան հակամարտության լուծման բոլորովին թարմ գաղափարներով, որոնք Փարիզյան եւ Քիվեսթյան բանակցությունների մշակված տարբերակներն են: Միայն Քոչարյանի հետ հանդիպումից հետո է պարզվում, որ դրանք ամենեւին էլ նոր գաղափարներ չեն։

2004-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ է անում Ազգային անվտանգության ծառայության պետ Կառլոս Պետրոսյանին: Նա Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնին նշանակվել էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո՝ այդ պաշտոնում փոխարինելով ներկայիս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:

2009-ի նոյեմբերի 5-ին Հայաստանում պաշտոնապես գործունեություն է սկսում ֆրանսիական «Օրանժ» հեռահաղորդակցության ընկերությունը։ Եվրոպայում այս ընկերությունն ունի 186 միլիոն բաժանորդ: Հայաստանում այս պահի դրությամբ «Օրանժի» համարները ձեռք բերելու համար գրանցվել է 70 հազար մարդ:

2013-ի այս օրը «Ազգային Միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը իր մոտ հարյուր կողմնակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով իշխանափոխության երթ է սկսում Ազատության հրապարակից: Հենց Մաշտոցի պողոտայում ոստիկանությունը կանգնեցնում է երթը, հարձակվում երթի մասնակիցների վրա ու բերման ենթարկում մեծ մասին, ներառյալ Շանթ Հարությունյանին։

Նույն օրը Մաշտոցի պուրակում օլիգարխ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները ավանակներ են բերում ընդդեմ այն մարդկանց, որոնք նախորդ օրը այծեր էին բերել նույն պուրակ եւ բողոքում են Փակ շուկայի շինարարության դեմ: Սակայն նրանք ավանակների վրա գրել են «Պայքարում ենք օլիգարխի դեմ», որպեսզի պարզ չդառնա, թե ովքեր են բողոքում Փակ շուկայի շինարարության դեմ՝ էշե՞րը, թե այծերը։