Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (3)
A A
Սպորտ

Հաղթեց միայն Աննա Սարգսյանը. Լևոն Արոնյանը հաշտություն կնքեց թուրք մրցակցի հետ. 2021 FIDE Grand Swiss

Ռիգայում ընթացող շախմատի 2021 FIDE Chess.com Grand Swiss խոշոր մրցաշարում կայացան 8-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի պատվիրակներից հաղթանակ տարավ միայն Աննա Սարգսյանը, որը սևերով պարտության մատնեց Հունգարիան ներկայացնող Թրան Թան Հոանին: Նա վաստակեց 3,5 միավոր և բարձրացավ 34-րդ տեղ: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Կարոլինա Լուխանի հետ և այժմ 3 միավորով գտնվում է 44-րդ հորիզոնականում: Կանանց մրցաշարում աղյուսակը գլխավորում է Թին Ժիե Լեյին, որն ունի 7 միավոր:

Տղամարդկանց մրցաշարում մեր շախմատիստները չկարողացան առավելության հասնել իրենց մրցակիցների նկատմամբ և զիջեցին դիրքերը: Մասնավորապես, Մանուել Պետրոսյանը, ոչ-ոքի խաղալով ռուսաստանցի Սունան Սյուգիրովի հետ, 5-րդ տեղից նահանջեց 12-րդ հորիզոնական: Պատճառն այն է, որ շախմատիստները շատ խիտ խմբերով են ընթանում և ամեն միավորի կորուստը նահանջ է առաջացնում:

Լևոն Արոնյանը, որն այս տուրում հաշտություն կնքեց թուրք Մուսթաֆա Իլմազի հետ, կորցրեց ևս հինգ աստիճան: Այժմ նա 4 միավորով 53-րդ տեղում է: Իսկ ահա ոչ-ոքի խաղացած Գաբրիել Սարգսյանը առաջադիմել է երկու տեղով, քանի որ բարձր է նրա վարկանիշը: Նա այժմ 17-րդն է:

Մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան, որը հաղթեց հնդիկ Քրիշնան Սաշիկիրանին և միավորների քանակը հասցրեց 6,5-ի: Նրան միանգամից հաջորդում են 10 շախմատիստ, որոնք ետ են մնում մեկ միավորով: Դրանց թվում է նաև ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը, որը ընթացիկ տուրում հաղթեց չեխ Դավիդ Նավարային:

Այսօր կկայանան 9-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սևերով կմրցի արգենտինացի Ալան Պիշոտի հետ: Մանուէլ Պետրոսյանը կխաղա իրանցի Փարհամ Մաղսուդլուի, իսկ Գաբրիել Սարգսյանը` ռուսաստանցի Ալեքսեյ Սարանայի հետ: Մեր բոլոր շախմատիստների հարկավոր է հաղթանակ, որպեսզի շարունակեն պայքարը հավակնորդների երկրորդ ուղեգրի համար (առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները եկող տարի հանդես կգան հավակնորդների մրցաշարում), հակառակ դեպքում կկորցնեն դրանք նվաճելու վերջին հնարավորությունը: