Բացել լրահոսը Փակել լրահոսը
250824589_251190900360419_7139393870940642179_n
A A
Հասարակություն

«Թույլ տվեք հրաշքով փրկված 6 տղաների ու ծնողներիս անունից ասել՝ Շնորհակալ ենք»․ փրկված զինվորի մոր խոսքը փրկարարին

Արցախի ԱԻՊԾ-ն հրապարակել է  փրկված զինվորի մոր Սոնա Ադամյանի շնորհավորական խոսքը Փրկարարին:

Նա մասնավորապես նշել է․

«Հարգարժան փրկարար, կոչմանդ իրական կրող:

Թույլ տուր  խորին երախտագիտությամբ քեզ ասել՝ Շնորհակալ ենք:

Երբ մի պահ տեղափոխվում ենք  անցյալ տարվա նույն օրերը,  թվում է անվերջանալի տառապանքին ու ցավին վերջ չի լինելու:

2020թվականի 44-օրյա պատերազմի բոթը թակեց նաև մեր դուռը: Ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող մեր որդու Արթուր Հարությունյանից վերջին լուրը ստացել էինք հոկտեմբերի 16-ին՝  ամսի 10-ից արդեն թշնամու  թիկունքում հայտնվելու, շրջափակման  մեջ լինելու ընթացքում:

Դժոխք դարձած օրերը ամեն անգամ մեզ հեռացնում էին նրան գտնելու հույսից, բայց չէին կտրում: «Ում միջոցով Աստված կփրկեր ու տուն կբերեր մեր Արթուրին, երբ կբերեր, մտքով սպասում էինք: Ամեն լուսաբացին հույս էր ավելանում, քանի որ որոնողական աշխատանքներն էին սկսում իսկ ահա մայրամուտին այդ հույսը կարծես մարում էր... ու այդպես մինչև դեկտեմբերի 17-ը: Այդ օրն էր, երբ 70 օրից հետո առաջին լուրը ստացանք:

Մշտապես անձամբ մասնակցելով որոնողական աշխատանքների նախապատրաստման և իրականացման   հոգեբանական ծանր գործընթացներին,  հաճախ ինքս ընդգրկվելով խմբերում, ականատեսն էի փրկարարների տքնաջան և անասելի  անգամ գերմարդկային ուժին՝ անմնացորդ նվիրվածոթյանը:

Աննկարագրելի զգացողություններ ունեմ  դեկտեմբերի 20-ի  հետ կապված, երբ արդեն կազմ ու նախապատրաստված    որոնողական խմբերը դուրս էին եկել առաջին անգամ հաստատ կյանքեր փրկելու, նրանց մեջ էր նաև որդիս:

Մեր հանդիպանը դժվար էր ողջ օրը սպասել, առավել ևս, որ վտանգներով դեռ լեցուն էր վերջնական տուն դարձի ճանապարհը: Սրտի թրթիռով րոպեներն էինք հաշվում,  սպասում  օպերացիայի իրականացմանը, որի կազմակերպման գործում հսկայական էր  փրկարարական խմբի, ի դեմս գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ավանդը:

Մարդկային ու մասնագիտական բացառիկ ունակություններով  օժտված, անհամեմատելի  նրբազգացողությամբ, նվիրվածությամբ, հոգատարությամբ նա ողջ որոնողական  ժամանակահատվածում շփվում էր անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներիս ու հարազատների հետ, գերհոգնած, գերհուզված: Այո, նրա կերպարում հենց  ծնողներս հայրենասիրության, սրտացավության, օգնության ձեռք մեկնելու անսպառ պատրասատակամություն և հույս էինք տեսնում:

Հարգարժան  Կարեն Գրիգորիի, թույլ տվեք  հրաշքով փրկված 6 տղաների ու ծնողներիս անունից խորին երախտագիտությամբ  պարզապես ասել՝ Շնորհակալ ենք: Շնորհակալ ենք Ձեր բացառիկ նվիրումի և հոգատարության համար:

Ի դեմս Ձեզ, շնորհավոր իսկական փրկարարի տոնը՝ բոլորիդ տոնը»: