Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bavaria 1
A A
Սպորտ

Մյունխենի «Բավարիան» նույնպես նվաստացվեց. Ինչպես և որտեղ

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի գավաթի խաղարկության խաղում 0:5 հաշվով նվաստացուցիչ պարտություն է կրել Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»:

 

Ինչպես նշում են գերմանական ԶԼՄ-ները, դա մյունխենցիների ամենախոշոր հաշվով պարտությունն է այդ մրցումներում: Բացի այդ, «Բավարիան» վերջին անգամ 5 գոլ բաց էր թողել 2008 թվականին, Բրեմենի «Վերդերից», սակայն այդ խաղում այն կարողացել էր խփել 2 գնդակ:

 

«Բավարիան» վերջին անգամ իր ֆուտբոլասերներին այդպիսի մեծ հիասթափություն պատճառել էր 43 տարի առաջ, երբ 1978 թ դեկտեմբերին առաջնության խաղում պարտվել էր «Ֆորտունային» 1:7 հաշվով:

 

Իսկ ինչպես ստացվեց, որ մյունխենցիներն այդպես խայտառակվեցին Մյոնխենգլադբախում: Բանն այն է, որ թիմը խաղին ներկայացել է առանց գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի, որը վարակվել է կորոնավիրուսով և այժմ ինքնամեկուսացված է: Դաշտի տերերը առաջին 20 րոպեում երեք գոլ են խփել, ինչն անակնկալի է բերել հյուրերին: Երկրորդ կեսում մյունխենցիները չնայած տիրել են նախաձեռնությանը, սակայն այդպես էլ չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը, իսկ ահա մյոնխենգալդբախցիները սուր հակագրոհների հաշվին ևս երկու գոլ են խփել: Այդպիսով, «Բավարիան» մեկ խաղում ավելի շատ գոլ է բաց թողել, քան առաջնությունում անցկացրած չորս արտագնա խաղերում միասին վերցրած (4):

 

Մյունխենյան ակումբը դուրս է մնացել գավաթի խաղարկությունից և այլևս չի կարող դուբլ գրանցել ընթացիկ մրցաշրջանում:

a1+bavaria 2.jpg (47 KB)