Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga 22.10.
A A
Սպորտ

«Ռոման» 6 գոլ բաց թողեց Նորվեգիայում և հակառեկորդ սահմանեց Ժոզե Մոուրինյոյի համար

Ֆուտբոլի Եվրոպայի և ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղերում գրանցվեցին ընդամենը երկու անակնկալ արդյունքներ:

 

Նախ, Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 1:6 խոշոր հաշվով պարտվեց նորվեգական «Բուդյո Գլիմտին»: Դա պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի կրած ամենախոշոր պարտությունն է: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին, սակայն ոչնչով չկարողացավ օգնել «Ռոմային»:

 

Այդ հաղթանակից հետո «Բուդյո Գլիմտը» վաստակեց 7 միավոր և շրջանցեց երկու հաղթանակ տարած իտալացիներին: Նույն խմբում հանդես եկող Լուգանսկի «Զարյան» արտագնա խաղում նվազագույն` 1:0 հաշվով հաղթեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին և վաստակեց առաջին երեք միավորները: Բուլղարական ակումբը մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

Ընտրական G խմբում «Վիտեսը» սեփական դաշտում հաղթեց Ժոզե Մոուրինյոյի նախկին թիմին` Լոնդոնի «Տոտենհեմին»` 1:0: Նիդեռլանդական թիմը վաստակեց 6 միավոր և շրջանցեց անգլիական թիմին: Այս խումբը գլխավորում է ֆրանսիական «Ռենը», որը ընթացիկ խաղում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Սլովենիայի «Մուրային» և վաստակած միավորների քանակը հասցրեց 7-ի:

  

Կոնֆերենցիաների լիգայում երեք տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք ունի միայն բելգիական «Գենտը», որը հերթական խաղում 1:0 հաշվով պարտության մատնեց Սերբիայի «Պարտիզանին»: Մնացած 31 թիմերն արդեն միավորներ են կորցրել:

 

Իսկ ահա Եվրոպայի լիգայում երեք խաղում երեք հաղթանակ են տարել «Լիոնն» ու «Վեսթ Հեմը»: Ֆրանսիական ակումբն անչափ լարված պայքարում կամային հաղթանակ տարավ չեխական «Սպարտայի» նկատմամբ` 4:3, իսկ ահա անգլիացիները սեփական դաշտում ջախջախեցին բելգական «Գենկին»` 3:0:

 

Այս տուրում առավել հաջող հանդես եկան Ֆրանսիայի ակումբները, որոնք տարան երեք հաղթանակ: Բոլորից անհաջող հանդես եկան Ռուսաստանի, Չեխիայի, Բուլղարիայի և Դանիայի թիմերը, որոնք կրեցին 2-ական պարտություն:

 

Ահա թոփ 5 երկրների թիմերի արդյունքները.

 

Եվրոպայի լիգա

«Սպարտակ» Մոսկվա - «Լեսթեր»` 3:4

«Բատիս» - «Բայեր»` 1:1

«Լացիո» - «Մարսել»` 0:0

«Այնտրախտ» - «Օլիմպիակոս»` 3:1

«Նապոլի» - «Լեգիա»` 3:0

ՊՍՎ - «Մոնակո»` 1:2

«Սպարտա» - «Լիոն»` 3:4

«Շտուրմ Գրաց» - «Ռեալ Սոսիեդադ»` 0:1

«Վեսթ Հեմ» - «Գենկ»` 3:0

 

Կոնֆերենցիաների լիգա

«Բուդյո Գլիմտ» - «Ռոմա»` 6:1

«Ֆեյենորդ» - «Ունիոն Բեռլին»` 3:1

«Մուրա» - «Ռեն»` 1:2

«Վիտես» - «Տոտենհեմ»` 1:0