Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Բավարիան» կանգ չի առնում, իսկ «Բարսելոնան» նոր է շարժվում տեղից. Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 3-րդ տուրի հերթական 8 խաղերը:

 

E խմբի ընդգծված առաջատար Մյունխենի «Բավարիան» Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ արտագնա խաղի վերջին 20 րոպեում չորս անպատասխան գոլ խփեց և տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Պորտուգալական թիմը 4 միավորով մնաց 2-րդ տեղում:

Նույն խմբում հանդես եկող «Բարսելոնան» սեփական դաշտում 1:0 նվազագույն հաշվով պարտության մատնեց Կիևի «Դինամոյին» և վաստակեց առաջին միավորները: Կատալոնցիներին առաջին հաղթանակը բերեց պաշտպան Ժերար Պիկեն:

F խումբը սկսեց գլխավորել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը սեփական դաշտում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ատալանտայի» նկատմամբ, վաստակեց 6 միավոր և շրջանցեց հենց իր անմիջական մրցակցին: Իտալական ակումբն այժմ 4 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը իսպանական «Վիլյառեալի» հետ, որը հյուրընկալվելիս անսպասելի հեշտությամբ հաղթեց շվեյցարական «Յանգ Բոյզին»` 4:1:

G խմբում հաղթանակի բերկրանք առայժմ ապրել է միայն «Զալցբուրգը», որն ընթացիկ խաղում սեփական դաշտում 3:1 հաշվով առավելության հասավ գերմանական «Վոլֆսբուրգի» նկատմամբ: Ավստրիական ակումբը վաստակել է 7 միավոր և վստահ գլխավորում է աղյուսակը: Իսկ ահա մնացած թիմերը առայժմ ոչ-ոքիներ են անում: Այս տուրում իրար հետ միավորներ կիսեցին ֆրանսիական «Լիլն» ու իսպանական «Սևիլյան»: Վերջինս 3 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ «Լիլն» ու «Վոլֆսբուրգը» 2-ական միավորով կիսում են 3-4-րդ տեղերը:

H խմբում անկասելի է Թուրինի «Յուվենթուսը», որը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց ռուսական «Զենիթին» և տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը: Իտալական ակումբի կրկնկակոխ հետապնդում է գործող գավաթակիր «Չելսին», որն իր հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց Շվեդիայի չեմպիոն «Մալմյոյին» և տարավ երկրորդ հաղթանակը:

Հաջորդ` 4-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան նոյմեբերի 2-ին և 3-ին: