Բացել լրահոսը Փակել լրահոսը
d2ccef0f94b3dc5df0fa5098ad37b68d
A A
Հասարակություն

Կարեն Կունգուրցևն արդարացվեց երկրորդ անգամ

15-ամյա պատանու սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւի գործը երկրորդ անգամ առաջին ատյանի դատարանում էր։ Նա երկրորդ անգամ էլ արդարացվեց։

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը ճանաչեց Կարեն Կունգուրցեւի անմեղությունը։

Հիշեցնենք, որ 8 տարի առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանը դանակահարվել էր, ապա՝ հիվանդանոցում մահացել: Դեպքից ժամեր անց Կարեն Կունգուրցեւը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին։

Նրան սկզբում մեղադրանք էր առաջադրվել սպանության, իսկ նախաքննության ավարտին՝ սպանության փորձի հոդվածով: Շուրջ քսան ամիս տեւած 40 նիստերից հետո Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը արդարացման դատական ակտ էր կայացրել։ Իսկ վերաքննիչ դատարանը գործը քննել էր 13 ամիս եւ Կարեն Կունգուրցևին առաջադրել էր նոր մեղադրանք՝ դիտավորությամբ անձին մարմնական վնասվածք հասցնել, որն առաջացրել է մահ:

Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր առաջին ատյան՝ նոր քննության։ 2019 թ հունվարի 21-ին գործը մակագրվել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանին։

Այս ընթացքում կողմերը լսել էին դեպքի ժամանակ անչափահաս վկաների ցուցմունքները։ Նրանք իրարամերժ եւ հակասական ցուցմունքներ էին տվել։ Մեղադրող կողմը թեեւ չէր բողոքարկել Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը, սակայն միջնորդել էր Կարեն Կունգուրցեւին մեղավոր ճանաչել սպանության փորձի հոդվածով եւ դատապարտել 9 տարի 6 ամսվա ազատազրկման։

«Այդ ո՞վ է դատախազին իրավունք վերապահել, որ նույն անձի համար տարբեր ատյաններում տարբեր հոդվածներ պահանջի կամ ընդունի։ Այս իրավիճակը բացահայտում է սույն գործի էությունը. մեղադրանքը ոչ թե վերաբերում է դեպքին ու գործին, այլ՝ անձին։ Այո՝ անձին, և ոչ թե պաշտպանյալիս անձին, այլ՝ պաշտպանության ու հովանավորության տակ առնվող անձին։ Եվ կարևոր էլ չէ 104, թե՝ 112 կշնորհվի Կարենին»,-իր ճառում նշել էր Կարեն Կունգուրցեւի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Նա իր 35 էջանոց ճառում մանրամասն վերլուծել էր գործի ամեն մի հանգամանք՝ նախաքննության թերություններից սկսած մինչեւ դատարանում վկաների իրարից տարբերվող ցուցմունքներ։ Կարենի կողմից հանցանքը կատարծ լինելու պաշտոնական վարկածին չեն հավատում նաև տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը, ովքեր մշտապես պնդել են, որ Կարենը մեղավոր չէ, և որ նա չի կատարել հանցանքը:

«Ո՞վ է իրական հանցագործը՝ Դավիթին վնասողը, թե՞ վնասողին թաքցնողը»,- պաշտպանական ճառում հարց է տվել Արայիկ Պապիկյանը։ Արդեն 8 տարի է Դավիթը մահացած է, սակայն չի բացահայտվել այն անձը, որը պետք է դատապարտվի նրա սպանության համար։