Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեզնով են բանակցում, այլ ոչ թե մենք ենք բանակցում. Մամիջանյան (տեսանյութ)

Բոլոր եռակողմ կամ Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումներից հետո բացակայում են տեղեկատվությունները, և դրանից կարելի է ենթադրել, որ բանակցային գործընթացում մենք ունենք լուրջ խնդիրներ և որևէ դրական տեղաշարժ հայկական կողմի համար չկա։ Այս մասին ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից հիմնական բանակցողը խոսում է խաղաղությունից և պատասխան ստանում երեկվա միջադեպի պես։

«Բանակցություններին մասնակցելու համար դու պիտի սեղանի շուրջ տեղ ունենաս, իսկ Հայաստանի կողմի հիմնական բանակցողը սեղանի տակ նստելու միջազգային վարկանիշ ունի։ Ուստի ակնկալել, որ ինքը կկարողանա նույնիսկ ցանկության և հմտությունների դեպքում, որոնք նա չունի, հայկական օրակարգը առաջ տանել, անհնար է։ Եվ հենց դրա համար էին քարոզարշավի ժամանակ «Պատիվ ունեմ»-ի անդամները կարևորում արժանապատիվ խաղաղության թեզը», - ասաց Մամիջանյանը։

Միջազգային հարթակներում էլ հաջողություն ակնկալելը անհնար է, կարծում է նա։ Այն ժամանակ, երբ Հայաստանը կառավարում էին հայրենասեր և բանիմաց մարդիկ և Հայաստանը հաղթանակած կողմ էր, թշնամին, եթե լիներ, օրինակ, «Թիթեռնիկների միջազգային սիրողների համաժողով», ապա ադրբեջանական պատվիրակությունը վեր կկենար, կասեր՝ «Ադրբեջանի այսքան տարածքը զավթված է Հայաստանի և Արցախի կողմից, այդ տարածքում կան այս տեսակի թիթեռնիկներ»։

«Բոլոր պատեհ և անպատեհ առիթները նրանք օգտագործում էին իրենց քարոզչամեքենայի կեղծ թեզերն առաջ տանելու համար։ Իսկ այս պարագայում ճշմարտությունը, արդարությունը, իրականությունը մեր կողմն է և փոխանակ բարձրաձայնենք մեր հայրենիքի մի հատվածի օկուպացիայի հարցը, իշխանությունը խոսում է կեղծ խաղաղասիրական օրակարգերից», - ասաց Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ վերջին առնվազն մեկ տարում, իսկ խորքային մակարդակով 2018-ի գարնանից սկսած, ՀՀ-ն միջազգային հարթակներում ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ. «Մեզնով են բանակցում, այլ ոչ թե մենք ենք բանակցում։ Հայկական դիվանագիտական կորպուսը տևական ժամանակ է ոչ մի հաջողություն չի գրանցում։ Եթե որոշեն գերիների վերադարձը ձեռքբերում ներկայացնել, ապա վերադարձը պետք է տեղի ունենար նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագրից հետո»։

44-օրյա պատերազմի ավարտից հետո, Մամիջանյանի խոսքով, իշխանությունը ոչ մի քայլ չարեց՝ պաշտոնական տեղեկատվության հանդեպ մարդկանց վստահությունը վերականգնելու համար, քանի որ պատերազմի ընթացքում նրանք մարդկանց ամեն օր ասում էին՝ հաղթելու ենք, սակայն ամեն ինչ հակառակը եղավ։

Մամիջանյանը նշեց, որ մոտ ապագայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների դրդապատճառները և նախադրյալները, իր համար, փոքր են, սակայն մարտունակությունը, կամքի ուժն ու ադեկվատությունը չափող նմանօրինակ միջադեպեր, որոնք մեզ համար խիստ ցավալի են և կարող են անդառնալի կորուստների պատճառ դառնալ, կլինեն շատ ու հաճախակի, քանի դեռ առանց դիմագիծ է մեր երկրի քաղաքական ղեկավարությունը. «Իսկ ռազմական ղեկավարությունը զբաղված է էժանագին PR արշավներով։ Եթե ՊՆ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ այն ջանասիրությամբ, ինչպես իրենց PR-ն են կառուցում, մոտենային բանակաշինությանը, իրավիճակն այլ կլիներ»։