Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երեւանում կցուցադրվեն Գառզուի եւ Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ԿԳՄՍ անցկացրած մրցութային դրամաշնորհային ծրագրում հաղթելուց հետո Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը սկսեց մարզերում ցուցադրել ֆրանսահայ անվանի նկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) գրաֆիկական աշխատանքները։

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-24-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ճեմասրահներում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին ասուլիսում ասաց Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը։

ԿԳՄՍ Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը նշեց, որ նախարարության ռազմավարական գերակայությունների մեջ հատկապես կարևորվում է մշակութային ապակենտրոնացումը, քանի որ հատկապես մշակութային կյանքը եռում է Երևանում ու խնդիր կա այդ միջավայրը ապահովել մարզերում։

«Շատ կարևոր է ծրագրի հենց թեմատիկան՝ Հայաստան-Ֆրանսիա, որն անցկացվում էր մեր բարեկամության, մշակութային կապերի ընդլայնման համատեքստում», - ասաց Աստղիկ Մարաբյանը։

Նախագիծը իրականացվում է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ և դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ասաց, որ մշակույթն ու մշակութային ժառանգությունն այն ուղղություններն են, որոնցում Ֆրանսիան և Հայաստանն առավել շատ են ցանկանում խորացնել համագործակցությունը։

«Երբ թանգարանի տնօրեն տիկին Ավետիսյանը ներկայացրեց այս ծրագիրը, մեզ շատ հետաքրքրեց այն։ Երկու արտիստներն էլ, որոնց գործերը ցուցադրված են, ազգությամբ հայ լինելով դարձել են նաև ֆրանսիացի ու հենց իրենք էլ դարձան հավելյալ կամուրջ մեր մշակույթների մեջ», - ասաց նա։

Բացի գրաֆիկական աշխատակիցների ցուցադրությունից, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում 7 օրվա ընթացքում կցուցադրվի նկարիչների մասին պատմող ֆիլմ։

Թեև մարզերում ցուցադրության ժամանակ մուտքը ազատ է եղել, այս անգամ մարդիկ ցուցադրության համար կվճարեն 1000 դրամ, սպասվելիք համերգների համար՝ 3-5 հազար դրամ։