Վանդալիզմ
Երեւանում անհայտ անձինք պղծել են անցյալ դարի մարդկության դեմ մեծագույն հանցագործությունների` Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը:
Դաժան ոչնչացման ենթարկված հայ եւ հրեա ժողովրդների տառապանքները խորհրդանշող հուշարձանը գտնվում է Օղակաձեւ այգու` «Առագաստ» սրճարանի հարակից հատվածում եւ տեղադրվել է 2006թ հոկտեմբերի 27-ին:
Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ պղծվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշարձանը:
Մինչ այդ հուշարձանի տեղադրումը այգու Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշաքարը մի քանի անգամ լուրջ ոտնձգությունների էր ենթարկվել:
Առաջին լուրջ պատահարը գրանցվել էր 2004 թ. սեպտեմբերի 17-ին՝ հրեական Նոր տարվա տոնակատարությունների վերջին օրը: Անհայտ անձինք սպիտակ ներկով հուշաքարի վրա խաչ եւ «սատանայական» 666 թիվն էին նկարել:
Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի