Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia
A A
Սպորտ

Ծաղկաձորի շախմատի մրցաշարը շարունակում են գլխավորել հայ շախմատիստները

Ծաղկաձորում ընթացող շախմատի «Չեսմուդ» միջազգային մրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարի միանձյա առաջատար Սամվել Տեր-Սահակյանն ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Պրագնանանդհայի հետ և առաջին կես միավորը կորցրեց: Նրան հետապնդող հինգ շախմատիստներից հաղթանակ տարավ միայն միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը, որը ընթացիկ պարտիայում պարտության մատնեց վրացի Գիգա Քուփարաձեին: Նա նույնպես վաստակեց 4,5 միավոր և Սամվել Տեր-Սահակյանի հետ սկսեց գլխավորել աղյուսակը:

Այս տուրում կարևոր հաղթանակ տարան առաջատարներին հետապնդող մեր շախմատիստներ Արամ Հակոբյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը: Նրանք, ինչպես նաև գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, 4-ական միավորով բաժանում են 3-12-րդ տեղերը:

Վաղը կայանալիք 6-րդ տուրում երկու առաջատարները կհանդիպեն միմյանց հետ: Տիգրան Լ. Պետրոսյանը կհանդիպի Արամ Հակոբյանի հետ, իսկ Լևոն Բաբուջյանի մրցակիցը կլինի վրացի Լևան Պանցուլայան: