Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կատարե՛ք դրածս խնդիրը․ ձերբակալեք կեղծ թուղթ տվողին․ եթե պետք է օրենք ընդունենք, բոլորին պատվաստենք (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր Առողջապահության նախարարությանը լրացուցիչ 2 մլրդ 365 մլն դրամ հատկացնել, որը պետք է ուղղվի հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Կառավարությունը, ստանձնելով իր պարտավորությունները, ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսային վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը։

«Եթե բավարար չափով պատվաստման գործընթացը իրականացնենք, պետք է, որ նման գումարների ծախսման կարիք չունենանք։ Այս համատեքստում արդեն 20 բժշկական կազմակերպություն ընդգրկված են քովիդով պացիենտների բուժման գործընթացում և 2226 մահճակալ այս պահին զբաղված է», - ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց նաև, որ 14 հազարից ավելի ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 176-ն են, որ պատվաստված լինելով հանդերձ ունեն հիվանդանոցային բուժման կարիք։

Ավանեսյանը կրկին շեշտեց, որ թեև պատվաստումների տեմպերն ավելանում են, ամեն դեպքում դեռևս կան որոշ մարդիկ և խմբավորումներ, որ ամեն կերպ փորձում են մարդկանց բացասական տրամադրել պատվաստումների հանդեպ․ «Հարց է ծագում, ինչո՞ւմն է խնդիրը, ինչի՞ դեմ են պայքարում այս մարդիկ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այդ հարցին և նշեց, որ պետք է հետ գնալ ու տեսնել, թե ինչ է այդ մարդկանց քարոզչությունը, քանի որ Հայաստանում կորոնավիրուսից մարդկանց մահերից հետո այդ մարդիկ մահերը քաղաքական շահարկման առարկա էին դարձնում․ «Նրանց պետք է, որ հնարավորինս շատ մարդ մահանա, որ ասեն՝ Կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել»։

Վարչապետը նշեց, որ չի ուզում Առողջապահության նախարարությունից լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացին։ Պետությունն ունի բոլոր լծակները՝ պատվաստումներն իրականացնելու համար։

«Այսօր նաև Հայաստանում շարժում է  ձևավորվում, երբ ասում են՝ ինչու պետք է մենք հարկեր վճարենք, որ մարդիկ չպատվաստվեն ու գնան անվճար բուժում ստանան։ Ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժվելը։ Ես ձեր առաջ խնդիր եմ դրել, ինձ մի ասեք՝ ով ա խանգարում, ով չի խանգարում, գնացեք, լուծեք։ Ոչ ոք չի կարող խանգարել մեզ գործել։ Շատ վատ է պատվաստման թվերը ու որևէ ուրիշ մեկից չբողոքեք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց նաև, որ պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որ պատվաստված չլինի։ Նիկոլ Փաշինյանը օրինակ բերեց նաև իր ընտանիքն ու նշեց, որ բացի մանկահասակ երեխաներից՝ բոլորը պատվաստված են։

«ԱԱԾ-ին և ոստիկանությանն եմ դիմում․ կեղծ պատվաստումների մասին էլ ահազանգ չլսեմ։ Ձերբակալեք, կալանավորեք։ Այն բժիշկների համար, որ օգտվում են առիթից ու չեն պատվաստում մարդկանց, փչացնում են պատվաստանյութը, շատ խիստ միջոցներ են պետք ձեռնարկել», - ասաց Փաշինյանը։