Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Մեզ հասած ժառանգությունն ու այսօրվա մեր տեղն աշխարհի գիտամշակութային քարտեզի վրա համապատասխան չեն» (տեսանյութ)

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացավ «Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» գրքի շնորհանդեսը։

Գիրքը հրապարակվել է 2019-ին, սակայն համավարակը խանգարեց շնորհանդես կազմակերպել։ Բայց, նկատի ունենալով գրքի նշանակությունը «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով, որոշեցին գոնե այս տարի իրականացնել շնորհանդեսը։

Գիրքը տպագրվել է «Բրիլ» հրատարակչությունում, որն ունի հայագիտական ուսումնասիրությունների մատենաշար։ Գրքում ներառված են 2014 թվականում Փարիզում Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման 1100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերը։

«Եթե մեր պատմական ուղին և թողած ժառանգությունը համեմատելու լինենք, թե ինչ տեղ ու դիրք ունենք աշխարհի գիտամշակութային քարտեզի վրա, ապա այդ երկուսը իրար չեն համապատասխանում։ Եվ մենք պետք է շատ ջանք թափենք, որպեսզի իր պատշաճ տեղը գտնի հայ, մասնավորապես միջնադարյան մշակույթը»,- ասաց պարոն  Տեր-Ղևոնդյանը և ընդգծեց, որ Բրիլի մեկ հրատարակված գիրքը նույնքան արձագանք է ունենում, որքան մեր հրատարակչությունների կողմից տպագրված 30-40 գրքերը միասին, քանի որ դա այլ մակարդակ է, թե ակադեմիական շրջանակներում ընդունելության առումով, թե տարածման առումով։