Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Գերմանիայի Բունդեսլիգայում երկիշխանություն է. «Բավարիան» 21 տարի անց պարտվեց սեփական դաշտում

Երկու առաջատարները 21 հնարավորից վաստակել են 16-ական միավոր:

Գերմանիայի ֆուտբոլի Բունդեսլիգայում 7-րդ տուրից հետո հաստավեց երկիշխանություն:

Մրցաշարի միանձնյա առաջատար Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց 15-րդ տեղում ընթացող «Այնտրախտին», որը մինչ այդ հաղթանակ չէր տարել առաջնությունում: Ի դեպ, մյունխենյան ակումբը Բունդեսլիգայում սույն մրցակցին վերջին անգամ իր հարկի տակ զիջել էր 21 տարի առաջ, 2000 թվականի նոյեմբերի 11-ին, նույն 1:2 հաշվով: Դրանից հետո «Բավարիան» 17 անգամ «Այնտրախտին» շանս չէր տվել փրկվելու:

Առաջատարի առաջին սայթաքումը Լևերկուզենի «Բայերին» հնարավորություն տվեց միավորներով հավասարվել նրան: «Դեղագործները» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեցին «Արմինիային» և «Բավարիայի» նման վաստակեցին 16 միավոր:

Երկու առաջատարներին կրնկակոխ հետապնդում են Դորտմունդի «Բորուսիան» ու «Ֆրայբուրգը», որոնք ընթացիկ տուրում միևնույն 2:1 հաշվով հաղթեցին համապատասխանաբար «Աուգսբուրգին» ու «Հերտային» և վաստակած միավորների քանակը հասցրին 15-ի:

Բունդեսլիգայում հաղթանակ առայժմ չեն տոնել երկու նորեկները` «Արմինիան» ու «Գրոյտեր Ֆյուրտը»: Առաջինը 7 տուրից հետո կրել է 3 պարտություն, իսկ երկրորդը` 6:

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրը կմեկնարկի հոկտեմբերի 15-ին: